ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ 7 ՀՈԳՈՒ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ավետիսյանների սպանության գործով մի երկու փորձաքննության եզրակացության արդյունքներ են մնացել, որից հետո մոտ ժամանակներս կավարտվի 7 հոգու դաժան սպանության գործով նախաքննությունը: Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում հունվարի 13-ին տեղի ունեցած Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության գործով մանրամասներին ասաց Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:
Տաթեւիկ Աբրահամյան
