Ավարտվեց ԲՀԿ քաղխորհրդի նիստն. նրանք հանրահավաքներ են խոստանում
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստը, որին մասնակցում էին խմբակցության պատգամավորները, այդ թվում Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Ռուստամ Գասպարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը:
Լրագրողների հետ զրուցում Ստեփան Մարգարյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից՝ նշելով, որ շուտով հայտարարություն կլինի մամուլի համար:
Ուրիխանյանն էլ ասաց, որ որոշվել է համաժողովրդական շարժման շտաբների համար տրամադրել կուսակցության տարածքային շտաբները:
«Երկու շաբաթվա ընթացքում այդ շտաբները կձեւավորվեն, որոնց համար կուսակցության տարածքային գրասենյակները կտրամադրվեն: Բացի դրանից կստեղծվեն նոր գրասենյակներ այն վայրերում, որտեղ դրա կարիքը կա:
Ոչ իշխանական ուժերի մեր գործընկերների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին խորհրդակցություններ են իրականացվել, առանձնացվել են պատասխանատուների խմբեր, որոնք երկշաբաթյա ժամկետում կուսակցության ղեկավարին կհայտնեն կատարած աշխատանքի մասին: Բացի դրանից գործունեություն է իրականացվելու սփյուռքի կազմակերպությունների հետ, իրականացվելու է իրավական աջակցություն քաղաքացիներին»,-ասաց Ուրիխանյանը:
Իսկ երբ է լինելու հաջորդ հանրահավաքը, նա հորդորեց սպասել՝ նշելով, որ ոչ թե հանրահավաք է լինելու, այլ մի շարք հանրահավաքներ:
