Ավետիսյանների տանը որևէ բան չի փոխվել, տոնածառն էլ դեռ զարդարված է
Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեկ տարին: Ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի` այսօր քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո` ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն:
Ավետիսյանների հարևաններից տիկին Սիրանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղ առավոտից այն տունը, որտեղ բնակվել է ընտանիքը, մարդաշատ է. «Մարդիկ ծաղիկներով գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցում ու գնում: Առավել քան այսօր, մենք հարևաններով հակսացանք, որ նրանք մեզանից երբեք էլ հեռու չեն եղել, երեբք էլ նրանց հետ այդ դժբախտ դեպքը տեղ չի ունեցել, ու ամեն վայրկյան Սերյոժիկի ճղճղոցը մենք լսելու ենք: Ցավում ենք, որ այդպիսի բան է տեղի ունեցել, բայց մենք կհանգստանանք միայն այն ժամանակ, երբ մեղավորը իրոք պատժվի»: Տիկինն ասում է, տանը ոճրագործությունից հետո որևէ բան չի փոխվել.«Ամեն օր երբ տան մոտով անցնում եմ պատուհանագոգին տեսնում եմ երեխաների խաղալիքը, ու դրա համար էլ ինձ թվում է, որ նրանք տանն են: Նույնիսկ զարդարված տոնածառը չեն հավաքել»,-ասաց հարևանուհին: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ 1,8 տարեկան Հասմիկին և 6 ամսական Սերյոժային: Նշենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը հետաձգվեց` հանրային պաշտպանների` քրեական գործին ծանոթ չլինելու միջնորդությամբ:
