Ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ջրվեժի կամրջի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Վաղարշակ Հունանյանը իր վարած Dodge մակնիշի 05 UL 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հունանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատվիորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3 վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը և փորձաքրեագետը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից վթար վայր է ժամանել ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
