Ավտովթար Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց. հոգևորականները Nissan-ով բախվել են ծառին
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանյան խճուղում Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Շագվերդյանն իր վարած Nissan Teana մակնիշի 84 NN 084 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 25-ամյա Հրաչյա Ղազարյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ա. Շագվերդյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբան է, իսկ ուղևոր Հ. Ղազարյանը ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասում հոգևորական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի
