Աղալարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ Սեյրան Խաչատրյանի թեմային: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նա մեղսունակ է ճանաչվել: Սակայն Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նրա նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Լրատվամիջոցը հարցազրույց է ունեցել պաշտպան Արմեն Մելքոնյանի հետ:
Թերթը հիշեցնում է, որ Աղալարը՝ նույն ինքը Սեյրան Խաչատրյանը, օգոստոսին տեղափոխվել էր Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսեր՝ «սուր փսիխոզ» ախտորոշմամբ:
Դա, ըստ լրատվամիջոցի, այն ժամանակ էր, երբ Սեյրան Խաչատրյանի և նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել էր:
Ի սկզբանե առաջադրված մեղադրանքը ազատազրկման ձևով պատիժ չէր նախատեսում, իսկ ներկայիս մեղադրանքով նարն սպառնում է 5 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ պաշտպան Արմեն Մելքոնյանի՝ Սեյրան Խաչատրյանի և նրա որդու մեղադրանքը խստացվել է անհիմն, առանց որևէ ապացույցի, և Ս.Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Պաշտպանը միաժամանակ նշել է, որ Ս.Խաչատրյանը՝ Աղալարը, տարիներ շարունակ բուժում է ստանում հոգեբուժարանում:
Իսկ ըստ նախաքննական մարմնի՝ ապացույցները բավարար են, որ Սեյրան և Էյներ Խաչատրյանները գործով տուժող Մ.Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել են:
Լրատվամիջոցն անդրադարձել է գործով մյուս մեղադրյալի՝ Տիգրան Խաչատրյանի թեմային ևս: Նա, ըստ թերթի, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, իսկ թե ի՞նչ խնդիրներ ունի, չի նշվում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
