Ախալքալաքում H1N1 վիրուս չկա
Ախալքալաքում H1N1 վարակ չի գրանցված, այլ հակառակը՝ սուր շնչառական վարակների նվազում է նկատվում: «Ջավախք նյուզ»-ին այս մասին տեղեկացրել են Ախալքալաքի Առողջապահական հասարակական կենտրոնից:
Հայաստանում H1N1 վարակի առկայությունը Ախալքալաքում ևս մեծ մտավախություն է առաջացրել: Մոտ օրերս Ախալքալաքում լուր էր տարածվել, որ խոզի գրիպից մարդ է մահացել: Սակայն ինչպես պարզվել է, մահացող 52 ամյա տղամարդը, ով ապրել է նախկին զինվորական ավանում, տառապել է այլ հիվանդությամբ: Երևանում մեկ տարի առաջ Մ. Խանախյանը սիրտն է վիրահատել: Վերջինս նաև թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել: Եվ յուրաքանչյուր թեթև մրսածություն Խանախյանին հակացուցված էր: Նրա մոտ հիվանդությունը կրկնվել է, օրգանիզմը չի կարողացել դիմադրել:
Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Թորոյանի խոսքով, անհանգստանալու առիթ չկա. «Մեզ մոտ H1N1 վարակով հիվանդության դեպք չի գրանցվել: Նախ ասեմ, որ մեր հիվանդանոցում վարակի բացահայտման և ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներ չկան: Աննշան կասկածի դեպքում հիվանդին ուղարկում ենք այլ հիվանդանոց, սակայն մինչ օրս դեպքեր չեն գրանցվել: Օրական ընդամենը 2-3 մարդ է գրիպով գալիս հիվանդանոց, որ սովորական երևույթ է: Նույնիսկ սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատվում: Այնուամենայնիվ բնակչությանը կոչ եմ անում զգույշ լինել և անպայման դիմել բժշկի հիվանդության հետագա վտանգավոր զարգացումներից խուսափելու համար»:
