Աղդամի հատվածում հայկական գնդակից սպանված ենթասպան եղել է դիպուկահարների դասակի հրամանատար
Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում օգոստոսի 14-ին մահացած ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուի գործով հայտնի են դարձել նոր տեղեկություններ:
Ռազմինֆոյի տվյալներով, սոցցանցերում տարբեր աղբյուրների ուսումնասիրության եւ ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզվել է, որ հայկական կողմի գնդակից սպանված ենթասպա Օսմանովը դիպուկահարների դասակի հրամանատար էր՝ փաստորեն ինքն էլ դիպուկահար: Սա Թույլ է տալիս ենթադրել, որ Օսմանովը զոհ է գնացել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտմանը, այլ սպանվել է հայկական կողմի կանխարգելիչ գործողության արդյունքում:
Աղբյուրը հավելում է, որ սպանվածին թաղել են օգոստոսի 15-ին՝ Գախի շրջանի Շոթավար գյուղում: Հուղարկավորության լուսանկարում երեւում է ծաղկեպսակ՝ բերված զորամասի անձնակազմի անունից:
Ադրբեջանի ենթասպան վիրավորում էր ստացել Աղդամի հատվածում:

