Աղվան Հովսեփյանը հանդիպել է Ավակովի հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
ՀՀ ՔԿ նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին՝ նոր նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության իրականացման։
Ա.Հովսեփյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության մեխանիզմները ՝ բարձր գնահատելով քրեական գործերով նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության, քննիչների վերապատրաստման և, ընդհանրապես, քննչական կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ ԵԱՀԿ ցուցաբերած աջակցությունը։
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ հավաստելով համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով կիբերհանցագործությունների դեմ պայքարը և անչափահասների մասնակցությամբ արձանագրված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։
Դեսպան Ավակովը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և քննչական կոմիտեի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Արգո Ավակովը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2016թ. մարտին: Նախքան ԵԱՀԿ-ում աշխատանքի անցնելը՝ նա 2008թ.-ից ծառայել է որպես գլխավոր խորհրդական՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչությունում: 1998-2008թթ. նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (ՄԱԶԾ): Նրա նախորդ դիվանագիտական փորձը ներառում է մի քանի բարձրաստիճան պաշտոններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում. ավելի վաղ աշխատել է Նեպալի և Շրի Լանկայի դեսպանություններում: Դեսպան Ավակովը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ արևելագիտություն մասնագիտացմամբ: Նա տիրապետում է ռուսերեն, անգլերեն, նեպալերեն, հինդի և հայերեն լեզուներին:
