Այցելություն մարտական հերթապահություն իրականացնող զորամաս
Հոկտեմբերի 2-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի տեղակալ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության պետի տեղակալ, մայոր Տիգրան Քոչարյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ծառայության բաժնի պետ, բ/ծ մայոր Կարեն Ասլանյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանը, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը՝ ծանոթանալու սահմանապահ զինվորների կենցաղային պայմաններին, ճաշարանի, զորանոցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժծառայության կազմակերպման առանձնահատկություններին:

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են զինվորի առողջության պահպանմանը, բացառություն չէ նաև այս այցելությունը»,- ասաց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը,- Սա «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հերթական շրջայցն է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, որի նպատակն է գնահատել զորամասում բուժծառայության ընդհանուր իրավիճակը, ռազմաբժշկական վարչության հետ համատեղ քննարկումների արդյունքում՝ անել համապատասխան եզրահանգումներ ու գտնել զորամասային օղակի բուժծառայության աշխատանքը առավել ժամանակակից դարձնելու ուղիներ»:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սողոմոն Խաչատրյանի և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ներկաները շրջեցին նախ զորանոցներում, կենցաղային սպասարկման սենյակում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և հանգստի պայմաններին: Այնուհետև այցելեցին զորամասի բուժկետ: Լինելով բոլոր բաժիններում՝ ընդունարանում, վիրակապարանում, դեղատանը, ատամնաբուժարանում, հիվանդասենյակներում, զույգ մեկուսարաններում, ճաշասրահում՝ տեղում ծանոթացան պայմաններին, բուժկետի տեխնիկական հագեցվածությանը:
Ռուզաննա Խաչատրյանը զրուցեց այդ պահին բուժկետում բուժում ստացող զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց ինքնազգացողությամբ ու առողջական վիճակով: Զորամասի բուժծառայության պետ, բ/ծ մայոր Մխիթար Քոչարյանը ներկայացրեց զինծառայողների բուժման ընթացքը:
Ներկաները եղան նաև զորամասի ճաշարանում, ծանոթացան սանիտարահիգիենիկ վիճակին, ճաշերի պատրաստման, սպասքի լվացման տեխնոլոգիաներին, սննդի պահպանման պայմաններին:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ասոցիացայի անդամների, զորամասի հրամկազմի և բուժանձնակազմի հետ քննարկեց զինծառայողների առողջության պահպանմանը և զորամասային օղակում բուժսպասարկմանն առնչվող մի շարք հարցեր:
«Մեր խումբը կազմված է զինվորական բժիշկներից: Մենք ծանոթացանք զորամասի բուժծառայության գործունեությանը, ճաշարանի, զորանոցների, բուժկետի սանիտարահիգիենիկ վիճակին, զինվորների սոցիալ-կենցաղային պայմաններին: Այցելության արդյունքները կամփոփվեն և մասնագիտական քննարկումներից հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: Սա լինելու է շարունակական: Մենք այցելելու ենք տարբեր զորամասեր, որպեսզի հնրավորինս ճգրիտ գնահատենք բժշկական ծառայության որակը.. Անձամբ ինձ որպես մայր՝ հետաքրքրում է զինվորների կենսամակարդակը, նրանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը: Որպես բժիշկ ու հասարակական կազմակերպության ղեկավար՝ ես հետաքրքրված եմ զորամասային օղակում բուժծառայության որակով: Իսկ որպես պաշտպանության նախարարի կին ՝ փորձելու եմ լինել բոլոր մայրերի ներկայացուցիչը բանակում: Պետք է նշեմ, որ այսօր տեսանք առողջ, խնամված զինվորների, որոնք ամուր են ու բարձր տրամադրություն ունեն»,- այցն ամփոփեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Հասմիկ Գյոզալյան
