Այգեպատցիները ՀԷՑ-ից փոխհատուցում են պահանջում
Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչները մինչև նոյմբերի 26-ը ժամանակ են տալիս կառավարությանը և ՀԷՑ-ին, նրանք ահազանգում են, որ հոսանքի տատանումից մոտ հարյուր քառասուն ընտանիք է տուժել, նրանց կենցաղային սարքավորումները փչացել են և այսօր փոխհատուցում են պահանջում:
«Գյուղում խառնաշփոթ իրավիճակ է, էլեկտրաէերգիա վախենում ենք օգտագործել, էսպիսի բան կլինի, թանկացնելուց լավ են, բայց իրենց պարտականություններից վատ, էլեկտրալարերը էնքան մաշված են, որ այլևս օգտագործման ենթակա չեն: Ինչի մենք պետք է իրենց անփութության պատճառով տուժենք»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատ գյուղի բնակիչներից տիկին Կարինեն: Գյուղացին տեղեկացրեց, որ իրենց ընտանիքը մոտ երեք հարյուր հազարի վնաս է կրել: «Հեռուստացույց, սառնարան է փչացել, դիմացի հարևանի տանը ինչքան սարքավորում կա փչացելա, էլ համակարգիչ, էլ օդորակիչ, էլ հեռուստացույց: թող գոնե հաշվարկ անեն, մեզ էլ մի փոքր փոխհատուցեն, վերջիվերջո մարդ ենք»: Գյուղացիները դիմել են նաև գյուղապետին, վերջինս ասել է, որ օգնության ձեռք կմեկնի, կդիմի մարզպետին, այնուհետև կդիմեն կառավարությանը: «Անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է գան ու հաշվարկ անեն, բացի դա էլ մենք խնդրում ենք, որ էդ լարերը փոխեն, մի օր էլ կարճ միացում կլինի գյուղւոմ մարդ կմեռնի, առանց այն էլ երբ անձրև է գալիս, ողջ գյուղը սարսափում է, մեզ թվում է, թե ամբողջ գյուղը պաժառ կընկնի»: Գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր ՀԷՑ-ի աշխատակիցները պետք է այցելեն գյուղ և ուսումնասիրեն պատճառները և նոր որոշում կկայացնեն, կփոխհատուցեն թե ոչ:
