Այս գործով կան նարկոբարոններ`որոնք դրսում են, ձերբակալված չեն...
Ինչպես հայտնի է` անցած տարվա հունվար ամսին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման ենթարկելուց հետո, մաքսավորները նկատել էին օտար մարմին: Երեւանում փորձաքննությունից պարզվել էր, որ օտար մարմինը հերոին տեսակի թմրանյութ է: Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլին եւ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլին: Նրանք ցանկացել էին Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոին տեսակի թմրանյութ: Մեքենան պատկանում է Օսմանին, իսկ վարորդը Ավթանդիլն էր: Հայ մաքսավորների աչալուրջ աշխատանքի շնորհիվ` նրանց չհաջողվեց ձեռք բերած թմրանյութը հասցնել վերջնակետին:
Եվ ահա հունվարի 20-ին առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին, հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Օսման Ուգուրլուին եւ Ավթանդիլ Մարտիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն) եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը):
Ավթանդիլ Մարտիաշվիլի փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ հրապարակված դատավճռին ասաց.
- Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր, ծիծաղելի է ուղղակի: Չկան որեւէ հիմնավոր ապացույցներ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող. մենք, անշուշտ, պատրաստվում ենք բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում: Քանի որ հնչեցված մեղադրանքով խախտված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, միջիրավական համաձայնագիրը, վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրվում է մեծ քանակի հերոինի ձեռք բերման համար, սակայն տարբեր չափաքանակով է ներկայացված հերոինի չափը: Ինչ վերաբերում է թաքստոցին, որտեղ պահվել էր հերոինը, պաշտպանյալս չի նկատել իր մեքենայում առկա ինքնաշեն թաքստոցը, չկասկածելով որեւէ բան, նա այդ մեքենայով շրջել է շատ տեղերում, սակայն ինքնաշեն որեւէ բան չի նկատել: Հետաքրքին այն է, որ մեքենան անցել է Իրանով, սակայն չի հայտնաբերվել հերոինը: Չնայած Իրանը վերջին տեխնիկան ուներ բեռները լիարժեք զննելու համար: Ուստի այս ամենը ինձ թույլ է տալիս հանգել այն մտքին, որ մենք գործ ունենք քրեածին իրավիճակի հետ: Ստացվում է, որ շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեեւ նորից եմ կրկնում` իրանական մաքսակետը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը: Իմ պաշտպանյալը շուրջ քսան տարի է` Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել:
Փաստաբանը գրեթե վստահ է, որ "Այս գործով կան կասկածներ, որ կան նարկոբարոններ, որոնք դրսում են, ձերբակալված չեն: Խոսքս Իսմայիլ Նարգիզ, եւ Նարգիզ եղբայրների մասին է` Թուրքայի քաղաքացիների: Ինտերպոլը նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարել: Այնպես որ, այս գործով գլխավոր հանցագործները` նարկոբարոնները շարունակում են գտնվել ազատության եւ իրականացնել իրենց հանցավոր գործունեությունը, իսկ թմրանյութերի հետ կապ չունեցող անձիք դատվում են: Ես հուսով եմ, որ լրատվամիջոցի միջոցով այս հարցին համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն, քանի որ նորից եմ կրկնում վերոնշյալ գործով իսկական հանցագործները ազատության մեջ են":
Տաթեւիկ Աբրահամյան
