Այս իրականության մեջ ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի. նախարար
Մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով վստահության մեխանիզմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախտել հրադադարի կնքված պայմանագիրը: Այս մասին այսօր ԳԱԱ-ում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե որքանով է պատերազմի վերսկսումը, նախարարը նշեց, որ պատերազմի վերսկսումը կախված է այն հարցից, որը կա ԼՂՀ հակամարտության հարց, որը կարևոր և սուրբ հարց է հայ ժողովրդի համար: «Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիմքում ընկած է քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով հարցի լուծումը գտնելը, որի հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման աշխատանքը և փոխադարձ համաձայնությունները»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով, երկու գործոն կա, որ ապահովում է ԶՈւ հաղթական ելքը. առաջինը մարդն է, զինվորը, որը որքան կրթված լինի, ունենա համապատասխան ունակություններ, պատրաստված լինի գաղափարապես, այնքան ավելի լավ կկատարի իր առջև դրված խնդիրները: Իսկ երկրորդ գործոնը զենք է, որից մի մասը ժառանգել ենք Խորհրդային միությունից, և նաև մեծ աշխատանքներ ենք տանում, առաջատար համապատասխան միջոցներ ունենալու և մեր հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար: Ըստ նախարարի, այս իրականության մեջ, ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Ես այդ պատրաստության գլխավերևում՝ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ու նրա ենթակա կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում: Բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել, որովհետև մենք ամեն ինչ անում ենք ազգային և միջազգային երաշխիքների ձևավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումները, բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- ասաց նախարարը:
