Այս պահի դրությամբ դեռեւս փաստաթուղթ չկա...
«Վալերի Պերմյակովը անցնում է երկու քրեական գործերով ` յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ինչպես նաեւ դասալքության, որի համար նա կտատապարտվի Հայաստանի արդարադատության օրենքներով»: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների հարազատների փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի նման փոխզիջումը փաստաբանը դժվարացավ ասել, քանի որ.
-Դեռ մեզ ՔԿ-ից որեւէ նյութ չեն տրամադրել, պաշտոնական որեւէ փաստաթուղթ չունենք այս պահի տակ:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործը քննելու է հայկական դատարանը։ Սպանության մասով գործը հանձնվել է Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ։ ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Ն. Ադամյան
