Այս տարի կգործարկվեն «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային արդիականացված անցակետերը
«Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» պետական սահմանային արդիականացված անցումային կետերը կգործարկվեն այս տարվա ընթացքում: Դրանք համալրվելու են նոր ենթակառուցվածքներով ու սարքավորումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անցակետերի գործարկման հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:
Ակնկալվում է, որ արդիականացված անցակետերը քաղաքա¬¬ցիների և տնտեսվարող սուբյեկտների համար կապահովեն սահմանի կառավարման ոլորտի մարմինների արդյունավետ աշխատանք և սահմանահատման սահուն գործընթաց:
Բացի այդ, կապահովվի ՀՀ-ում մաքսային հսկողության ներքո ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ տեղափոխման, ինչպես նաև ԵԱՏՄ ապրանքների, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրի տարածքով տարանցիկ տեղափոխման ԵԱՏՄ գործող օրենսդրությանը համապատասխան տվյալների փոխանակման, մաքսային ձևակերպումների, հաշվառման և հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրումը:
Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է միջազգային առևտրի խթանում և քաղաքացիների սահուն և առանց խոչընդոտների սահմանահատման ապահովում: Բացի այդ, կբարելավվի երկրով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների արդյունավետ գործունեությունը, կբարձրացվի մաքսային կետերում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպես նաև կբարձրացվի ՀՀ հեղինակությունն արտերկրում, օտարերկրյա գործարարների և հասարակական կարծիք ձևավորող կառույցների շրջանում:
Գերակա խնդրի լուծման արդյունքում հնարավոր կլինի միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը:
Ըստ ֆինանսների նախարարության՝ ներդրված համակարգի արդյունք է հանդիսանալու դյուրինացված հսկողության մեխանիզմի կիրառումը` ապահովելով պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակում և հաշվետվողականություն:
Համակարգն ապահովվելու է բեռն ուղեկցող փաստաթղթերը և տարանցման հայտարարագրերը առաջին անգամ մաքսային մարմին ներկայացնելուց հետո, դրանցում առկա տեղեկատվությունը և ձևավորված հայտարարագրի տվյալները կամ դրանց մի մասն ըստ անհրաժեշտության մաքսային ծառայության այլ գործառնություններում կիրառելու հնարավորությունը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր է դառնալու մինչև բեռի սահման հասնելը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով, ինչը կհեշտացնի և կարագացնի սահմանային հսկողությունը` միաժամանակ հանգեցնելով լրացուցիչ հսկողական գործառույթների վրա ծախսվող մարդկային և տեխնիկական ռեսուրսների խնայողությանը:
