Այս տարի ընտանիքում սպանված կանանց թվաքանակը ավելի քիչ է, քան նախորդ տարի. Նելլի Դուրյան
Այս տարի ընտանիքում սպանված կանանց թվաքանակը ավելի քիչ է, քան նախորդ տարի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա նշեց, որ անցած տարի տասը ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում սպանության 18 դեպք, այս տարի՝ 13:
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության վիճակագրությանը՝ Նելլի Դուրյանն ասաց, որ այդ թվերը հիմա ավելի բարձր են: «Եթե անցած տարի նույն ժամանակահատվածում մոտավորապես 500 էր, իսկ հիմա 600-ից ավելի է, դա չի խոսում նրա մասին, որ բռնություններն են ավելացել: Այստեղ մի քանի հանգամանք կա. իրազեկվածության բարձրացումն է, վարչության ստեղծումն է, ոստիկանների նկատմամբ վստահության բարձրացումն է, նախկինում հաշվառումից թաքցնելու արատավոր փորձը այսօր բացառված է՝ բոլոր դեպքերը հաշվառվում են, հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքն է, ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացումն է»,- ասաց նա:
Նա նշեց, որ եթե տասը տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին գալ և պատմել իրենց տանն բռնություն կա, այսօր այդ կանանց թիվն ավելացել է: «Սա դրա արդյունքն է, ոչ թե նրա, որ հիմա ավելի շատ է բռնությունը, քան նախկինում»,- հավելեց նա:
