Այս տարին կարելի է համարել օրենսդրական կարգավորումների տարի. Հասմիկ Պողոսյան
Մշակույթի նախարարությունը 2014թ-ին պատրաստվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` մեկնաբանելով, թե նախարարությունն անցնող տարվա ընթացքում ինչ ծրագրեր է իրականացրել:
«Մշակութային քաղաքականությունն ունի երկու ճյուղ` պատմամշակութային ժառանգության պահպանություն եւ ժամանակակից արվեստի զարգացում: Կարևոր է նաև միջազգային մշակութային դաշտում տեղադրվելը, հաստատվելը: Այս տարին կարելի է համարել օրենսդրական կարգավորումների տարին»,- ասաց նախարարը:
«Ավարտվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման և արդիականացման աշխատանքները»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով. «Թանգարանների վերանորոգման և նոր մշտական ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ ՀՀ Նախագահի հանձնարարականով, Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ավարտին են մոտենում Պ. Սևակի տուն-թանգարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները»:
