Այսօր «Գաֆէսճեան»-ում կբացվի «Բնության հրաշքներ» բացառիկ ցուցադրությունը
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահում այսօր ժ. 19.00-ին կբացվի «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է արվեստի կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիա Հովսեփյանից: Ջերարդ Գաֆէսճեան հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ: Ցուցադրվելու են կվարցի շերտեր, մեղեսիկի և ցիտրինի ժեոդներ, քարացած փայտի և ավստրալական վագրի աչքի սալիկներ, որոնք ներկայացված են որպես արվեստի անձեռակերտ գործեր, ինչպես նաև բնական քարերից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշներ և քանդակներ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը համոզված է, որ արվեստասեր հասարակությունն այսօր առիթ կունենա վայելելու բնության եզակի ստեղծագործությունները և զգալ բնության ստեղծագործ ուժի և մարդկային երևակայության փոխազդեցությունը: «Բնության հրաշքներ» ցուցադրության բացման շրջանակում տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Ցուցադրության դիտմանը կհաջորդի բանախոսություն կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի կողմից: Միջոցառման մուտքն ազատ է, նախնական նախնական գրանցմամբ: «Բնության հրաշքներ» ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 29-ը: