Այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է, աստիճանաբար այն ավելի տեսանելի եւ խոցելի է դառնում. Սերժ Սարգսյան
Արդարադատության գործուն համակարգը կարող է հաջողության հասնել միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով պատգամավորներին:
«Այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է, աստիճանաբար այն ավելի տեսանելի եւ խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության եւ անհատի մեջ արմատավորել կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն մշակույթը, բայց մենք չենք կարող բավարարվել առկա արդյունքներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուտցիոնալ համակարգը եւ ապահովենք դրա հետեւողական զարգացումը:
Առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության: Ազնվություն ու գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա, սա է ցանկալի հաջողության բանաձեւը, այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա, կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պորֆեսիոնալների համար այն տհաճ է, անշահավետ եւ վանող»,- ասաց Սերժ Սարգսյանը:
