Այսօր մի շատ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել...
Այսօր մի շատ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ ամիսներ շարունակ պաշտպանության նախարարի ու իր տիկնոջ վերաբերյալ թունոտ հոդվածները հրապարակվել են ֆեյքի միջոցով: Այսպիսով պարզվում է, որ Ալիս Խեչոյան անուն – ազգանունով լրագրող, ով իբր այդ նյութերի հեղինակն է՝ իրականում գոյություն չունի: Բանն այն է, որ այսօր պաշտպանության նախարարի տիկնոջ վերաբերող զրպարտչական նյութերի տարածման գործով դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել:
Իսկ ի՞նչ կարող է նշանակել պատասխանող կողմի դատարան չներկայանալը: Այն, որ չկա մեկը, ով պատրաստ է պատասխանատվություն վերցնել Սեյրան Օհանյանի և իր տիկնոջ վերաբերյալ այդ հրապարակումների համար: Հարց է ծագում ինչու՞: Պատասխանը հստակ է՝ որովհետև գործ ունենք կեղծիքի, զրպարտության հետ: Այդ նյութերը ֆեյքով են տարածել նախ՝ որովհետև դրանցում ստից ու կեղծիքից բացի ուրիշ ոչինչ չկա, եվ հետո՝ որպեսզի հնարավոր լինի խուսափել հրապարակված կեղծիքի համար պատասխանատվության ենթարկվելուց:
Այսպիսով՝ պաշտպանության նախարարին վարկաբեկելու նպատակ հետապնդող լրատվամիջոցը վարկաբեկվեց ինքը, որովհետև այսօր բոլորիս համար դարձավ ակնհայտ, որ այն ո՛չ թե տեղեկություն է տրամադրել հանրությանն, այլ ներգրավվել է մի շատ կեղտոտ խաղի մեջ, կատարել ինչ-որ մեկի պատվերն ու պարզապես խաբել մարդկանց:
