Այսուհետ պատգամավորի լիազորությունների դադարեցման լիազորությունը տրվում է ՍԴ-ին. փոխնախարար. news.am
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծով ՍԴ-ին է վերապահվում սահմանադրական մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացնելիս նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախկինում նման լիազորություն ՍԴ-ն չուներ:
Հաջորդ նոր լիազությունն, ըստ փոխնախարարի, այն է, որ ՀՀ նախագահը հնարավորություն է ստանում դիմել ՍԴ որոշակի հարցերով. «Խոսքը ՀՀ նախագահին ԱԺ կողմից ուղարկված օրենքի սահմանադրականության հարցը որոշելու, ներում չշնորհելու, կառավարության կազմը չփոփոխելու, նախարարներին չնշանակելու, փոխվարչապետներին չնշանակելու եւ համապատասխան բարձրագույն կոչումներ չտրամադրելուց հետո ՀՀ նախագահի կողմից ՍԴ դիմելու լիազորության մասին է»:
Երրորդը լիազորությունը պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցի լուծումն է. «Մինչ այսօր պատգամավորի լիազորությունների դադարեցման լիազորությունը պատկանում էր ԱԺ-ին, մինչդեռ հիմա այդ լիազորությունը վերապահվեց ՍԴ-ին: Հաջորդ փոփոխությունն այն է, որ ՍԴ-ն անդրադարձ է կատարելու Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին, եթե նրանք խախտեն վարքագծի կանոնները: Նաեւ հստակեցվել են կուսակցությունների գործունեության կասեցման հիմքերը»:
