Ազատազրկվածի հարազատների բողոքի ակցիան Վերաքննիչ դատարանի մոտ
«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի մի քանի տասնյակ հարազատներն այսօր՝ նոյեմբերի 17-ին ժամը 14-ին, հավաքվել էին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ արդար դատավճռի պահանջով:
«Հույս ունենք, որ այսօր Աշոտին դատարանից մեզ հետ կտանենք, եթե չէ, այլ ծայրահեղ միջոցների կդիմենք»,- Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապատրյալի եղբայրը՝ Սլավիկ Առուշանյանը՝ հիշեցնել, որ արդեն 6-րդ օրն է՝ իրենց ընտանիքը նույն պահանջով նախագահի նստավայրի մոտ հացադուլ է անում:
Նա տեղեկացրեց, որ հացադուլի պատճառով ծնողների՝ հատկապես մոր՝ Անահիտ Առուշանյանի առողջական վիճակը վատացել է, նույնիսկ նրա համար երկու օր առաջ «Շտապօգնություն» են կանչել։ Սլավիկի փոխանցմամբ՝ վեց օրերի ընթացքում, բացի անցորդներից և լրատվական միջոցների ներկայացուցիչներից, իրենց ոչ ոք չի մոտեցել։
Աշոտ Առուշանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հայրը՝ Լիպարիտ Առուշանյանը, ավելի վաղ Shabat.am-ին ասել էր, որ որդու նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ հիմնավոր վարկածի վկայակոչմամբ։
