Ազատության հրապարակի պայքարը պետք է ունենա զանգվածային բնույթ. Զարուհի Փոստանջյան (Video)
1in.am-ը գրում է. «Ես համոզված եմ, որ ցանկացած պայքար ունենում է արդյունք և, իհարկե, հաջողություն, երբ այն տեղի է ունենում հավաքական ուժի ներքո ու կազմակերպված: Կարելի է ասել, որ սկիզբը մեկնարկել է, բայց այս պահի դրությամբ միայն Ազատության հրապարակով բավարարվելը քիչ է: Դրան պետք է հետևեն այլ գործողություններ այլ հրապարակներում ևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված պայքարին ու Ազատության հրապարակում տեղի ունեցող նստացույցին:
Այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի միջոցառումներ են տեղի ունեցել նաև Գյումրիում և Վանաձորում, և որ պայքարողները պատրաստվում են գնալ նախագահական ու իրենց պահանջները ներկայացնել Սերժ Սարգսյանին, դա, պատգամավորի կարծիքով, բավարար չէ՝ խնդիրը լուծելու համար:
«Այդ պայքարը պետք է ունենա զանգվածային բնույթ, պետք է տեղափոխվի բոլոր քաղաքների ու գյուղերի հրապարակներ: Իհարկե, պետք է ունենա նաև ինքնակազմակերպված դրսևորում»,- ավելացրեց Զ. Փոստանջյանը:
