«Ազատություն Ջնդի Ամարյանին». ակցիային մասնակցում է նաև Քյարամ Սլոյանի հայրը
Եզդի ազգի ներկայացուցիչներն այս պահին Ջնդի Ամարյանին ազատ արձակելու պահանջով իրենց բողոքի ակցիան շարունակում են գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք նախագահական նստավայրից երթով շարժվեցին մինչև Գլխավոր դատախազություն՝ ճանապարհին վանկարկելով «Ազատություն Ջնդիին»։ Նրանք համոզված են, որ Ջնդի Ամարյաննն անմեղ է, և շորթումը, ինչում մեղադրվում է Ամարյանը, տեղի է ունեցել իրեն պատկանող օբյեկտներից մեկում, և ինքը դրա հետ կապ չունի։
11.02 «Ազատություն Ջնդի Ամարյանին», «Չենք հանդուրժի անարդարություն», «Դատելով անմեղներին՝ դառնում եք մեղավոր». գրությամբ պաստառներով այսօր եզդիական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց ազգակցին՝ համոզված նշելով, որ նա անմեղ է։
Հիշեցնենք, որ Ջնդի Ամարյանը ձերբակալվել է ապրիլի 2-ին՝ շորթում հոդվածով։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ նրան բերման են ենթարկել հենց մոր գերեզմանից. այդ օրը եղել է նրա մոր թաղման արարողությունը։
Հավաքվածները նաև հարց բարձրացրին, որ նույնիսկ սպանության համար է գրավը որպես խափանման միջոց կիրառվում, ինչու՞ Ջնդիի դեպքում դա չի գործում։
Ակցիայի մասնակիցները նաև նամակ պետք է հանձնեն Սերժ Սարգսյանին, այնուհետ՝ երթով շարժվեն դեպի գլխավոր դատախազություն։
Այսօրվա ակցիային մասնակցում է նաև Արցախյան պատերզմում զոհված Քյարամ Սլոյանի հայրը։ Նա իր հերթին խնդրում է ազատ արձակել Ամարյանին՝ նշելով, որ վիշտը թողած եկել է աջակցելու եզդի ժողովրդին։
