Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան պնդում է, որ Ազիզը խնդիրներ է ունեցել, բայց նրան չեն վիրահատել
Օրեր առաջ զորամասի տարածքն ինքնակամ լքած եզդի զինծառայող Ազիզ Բաքոյանը պատճառաբանել է, որ թևը դուրս է ընկել, այդ պատճառով էլ լքել է զորմասը: Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ բուժզննումից հետո պարզել են, որ եզդի զինծառայողի մոտ հոդախախտ չկա:
«Ազիզ Բաքոյանն ասում է, որ իր մոտ անընդհատ է հոդախախտում լինում, այսինքն հոդախախտը սովորութային է: Եթե այդպես լիներ, ապա նրան պետք է վիրահատեին, սակայն մենք պարզեցինք, որ հոդախախտում եղել է ամիսներ առաջ, և պատճառաբանել, որ դրա համար է զորամասից փախել սխալ է: Իսկապես առողջական խնդիրներ ունենար, զորամասից ոչ թե տուն կփախչեր, այլ ուղիղ զինվորական հոսպիտալ կգար` պահանջելով, որ իրեն բուժեն»:
Այնինչ, Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան` Ուսեն պնդում է, որ Ազիզն առողջական խնդիրներ է ունեցել, դրա համար էլ լքել է զորամասը.«Ձեռքի հետ կապված խնդիր ուներ, տարել էին հոսպիտալ, բայց չէին վիրահատել, ցավացել էր, դրանից էլ էր նեղվել»,- ասաց Ազիզի եղբայրը` նշելով, որ նա զորամասում խնդիրներ չի ունեցել, այդ մասին ինքն էլ է հարցրել եղբորը, պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրեր առաջ զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայողը նման քայլի դիմել է ոչ թե լոկ հարազատներին կարոտած լինելու, այլ առողջական խնդիրների պատճառով: Նրա թևը պարբերաբար դուրս է ընկել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես` ինչու, երիտասարդին չեն վիրահատել:
