Ազնավուրը խոսել է Լեւոն Հայրապետյանի մասին
Ռուսական «Սոբեսեդնիկ» պարբերականը գրում է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Մոսկվայում կայացած համերգի օրը մեկուսարանից տնային կալանքի տակ տեղափոխվեց Բաշնեֆտի գործով անցնող, հայ գործարար Լեւոն Հայրապետյանը: Զուգադիպությո՞ւն էր դա, թե ոչ: Թղթակիցը Ազանավուրին խնդրել է մեկնաբանել հարցը.
«Ինձ հաճախ են խնդրում արտահայտվել հայերի կամ Հայաստանի հետ կապված որեւէ հարցի մասին, թեեւ պետք է խոստովանեմ, որ ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ՝ հայկական, թուրքական, վրացական ու ռուսական արմատներով: Բյաց քանի որ հայերն ինձ այդպես սիրում են, անհնար է չպատասխանել այդ սիրուն: Ահա ինչ կասեմ այն մարդու մասին, ում մասին հարցնում եք: Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին, անկախ նրանից՝ Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից, ովքեր մեծ ներդրում են ունցել իրենց երկրի զարգացման համար: Գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են հայրենիքի մշակույթի, էկոլոգիայի, կրթության զարգացման համար, պակաս հարգանքի չեն արժանի, քան երաժիշտները: Սակայն, ցավոք, ավելին չեմ կարող ասել: Ես բացարձակապես ապաքաղաքական մարդ եմ, քաղաքականություն չեմ սիրում եւ դրա մասին չեմ խոսում»,- ասել է Ազնավուրը:
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ իրեն խնդրել են չեղյալ համարել Մոսկվայի համերգը՝ այդպիսով համերաշխություն հայտնելով Լեւոն Հայրապետյանին, շանսոնյեն պատասխանել է. «Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես այստեղ եկել եմ՝ հանդես գալու իմ հանդիսատեսի համար, ով ինձ այդքան երկար սպասել է: Նրանց համար հրաշալի ծրագիր եմ պատրաստել: Երաժշտությունը չպետք է որեւէ առնչություն ունենա քաղաքականության հետ, դրանք երկու՝ բացարձակապես տարբեր բնագավառներ են»: