Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը քննարկել են համագործակցության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը:
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: