Բանակին գոմեշի միս մատակարարվել է Արշալույս Փայտյանի գրավոր թույլտվությամբ. դատավճիռ
Փաստինֆոն գրում է.Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործով ՊԲ N զորամասի պահեստի պետ, մայոր Արտո Չիթչյանը դատարանի դատավճռով դատապարտվել է 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատարանը ապացուցված է համարել մեղադրանքն, ըստ որի Արտո Չիթչյանը՝ լինելով զորամասի պարենային պահեստի կողմից պարենային ծառայության նյութական միջոցների ստացման, պահպանման ու ճաշարանին և ենթակա ստորաբաժանումներին հատկացման անմիջական պատասխանուն, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ:
Ըստ մեղադրանքի` նա իրավական համապատասխան ակտերով սահմանված գործող կարգի համաձայն պատշաճ հսկողություն չի իրականացրել տավարի մսի ընդունման նկատմամբ, որպես մատակարարվող տավարի մսի ընդունման համար ստեղծված հանձնաժողովի անդամ` չի պահանջել, չի ստացել և չի ուսումնասիրել Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագիրը, չի հայտնաբերել և չի արձանագրել դրանց անհամապատասխանությունը, չի ստուգել մսեղիքի վրա անասնաբուժական-սանիտարական հսկիչի կնիքի առկայությունը, ինչի հետևանքով վերոհիշյալ պայմանագրով նախատեսված` 1 կիլոգրամը 1.548 դրամ, արժողությամբ տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն 2011 թվականի հունիս ամսից մինչև 2012 թվականի հունիս ամիսը Ալբերտ Օհանջանյանը Պաշտպանության բանակին մատակարարել է 82 տոննա բրիկետ տեսակի գոմեշի միս:
Արտո Չիթչյանի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում խախտվել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգը, սասանվել պետական իշխանության մարմինների հեղինակությունը և խաթարվել ՀՀ զինված ուժերի բնականոն գործունեությունը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել:
Արտո Չիթչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ իր պարտականությունների մեջ է մտել ապրանքների քանակի, պիտանելիության ժամկետների և հաշիվ-ապրանքագրերում նշված անվանումների համապատասխանության ստուգումը և իրենց զորամաս ընդունված մսամթերքը մշտապես համապատասխանել է բոլոր անհրաժեշտ պահանջներին:
Միաժամանակ Չիթչյանը նշել է, որ սկզբնական շրջանում իրենք ստացել են տավարի ոսկրոտ, քառատված միս, իսկ հետագայում սկսել են ստանալ նաև «բրիկետ» տեսակի փափուկ, առանց ոսկորի միս, որի փաթեթների վրա գրված է եղել «ԽԵԿ (գոմեշ)»: Իսկ իրենց զորամաս ուղարկված տավարի մսի բոլոր ապրանքագրերում նշված է եղել միայն տավարի մսի և դրա 1-ին կամ 2-րդ կարգին պատկանելու մասին:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
