Բանակն ու ոստիկանությունը Զինված ուժեր են և մի մարմին.Վլադիմիր Գասպարյան
Ցեղասպանության հուշահամալիր այցելեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով սահմանին կանգնած զինվորի և ոստիկանի միջև զինվածության առումով տարվող համեմատականներին՝ ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ցավում է նման հնչող գնահատականների համար:
«Պնդում եմ, որ բանակն ու ոստիկանությունը Զինված ուժեր են և մի մարմին: Մեր ոստիկաններն այս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել և ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել, խնդիրը դրանում է կայանում»,-ասաց նա:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ սպառազինության խնդիր չենք ունեցել և ոչ էլ չունենք: «Կամ ինչ-որ մի տեղ առավելություններ, ինչ-որ մի տեղ: Դա չի խանգարում ոչ պատերազմելու, ոչ դիմակայելու և ոչ էլ առաջ գնալու համար: Ամենակարևորն ունենք ոգի և դրանում բոլորս համոզվեցինք, սակայն այդ ոգու ու միասնության հետ ունենք ներքին խժդժումներ, որոնք հարիր չէ մեր ժողովրդին, և երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ պետք է լինել»,-ասաց նա:
