«Բանդայի գործով» ամբաստանյալները դատապարտվեցին երկարատև ազատազրկման. դատավճիռը կբողքարկվի
Փաստինֆոն գրում է. «Բանդայի գործով» ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանն այսօր դատապարտվեցին 15-ական տարվա, իսկ ամբաստանյալ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող Սասուն Խաչատրյանը նույնպես միջնորդել էր նույնչափ պատժաչափ նշանակել ամբաստանյալների նկատմամբ:
Այսպես, Արտուշ Հակոբյանը, ով, ըստ մեղադրանքի, ներկայումս հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ կազմակերպել ու ղեկավարել է բանդան, արդարացվեց ու անմեղ հռչակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառություն: Այդ հոդվածով մեղադրանքից իր մեղադրական ճառում հրաժարվել էր մեղադրողը: Դատարանն այդ մասով ամբաստանյալին պարզաբանեց արդարացվածի իրավունքները և հնարավոր վնասի հատուցման կարգը:
Ա.Հակոբյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով՝ բանդիտիզմ, 175-րդ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով՝ կազմակերպված խմբի կողմից, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ավազակության նախապատրաստություն, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը՝ առանց հափշտակելու նպատակի՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Նույն հոդվածներով մեղավոր ճանաչվեցին նաև ամբաստանյալներ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը: Նրանք մեղավոր ճանաչվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով:
Արտուշ Հակոբյանից, Սամվել Դավթյանից ու Դավիթ Գալստյանից բանդիտիզմի մեղադրանքի շրջանակներում կբռնագրավվի անձնական գույքը՝ ոչ ավելի, քան 229 985 750 ՀՀ դրամը և 221 825 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ անձնական գույքի բռնագրավում չի տարածվում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
