«Բանդայի գործով» դատավճիռը՝ դեկտեմբերի 26-ին
Փաստինֆոն գրում է.Դեկտեմբերի 26-ին կհրապարակվի բանդայի գործով դատավճիռը՝ գործով դատական քննությունը տևեց երկու տարուց ավելի:
Այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա՝ դիմելով դատարանին հայտարարեց. «Մեր շահերը մի պաշտպանեք, այլ պաշտպանեք իրավունքի շահերը»: Պաշտպանը հայտարարեց, որ գործով նախաքննությունն անցկացվել է աղաղակող, էական խախտումներով, «որը չպետք է շարունակվի»:
Պաշտպանը նշեց, որ հասարակական հնչեղություն ունեցող այս գործը պետք է քննվեր երդվյալ ատենակալների մասնակցությամբ:
Պաշտպանը մեկ առ մեկ անդրադարձավ նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումներին, որոնք անփարատելի կասկածներ են հարուցում:
Այսպես, պաշտպանը զարմանք հայտնեց, որ թեև իր պաշտպանյալը , ըստ մեղադրանքի, հանդիսանում է բնակարանների, օբյեկտների, տարածքների փաստացի սեփականատերը, այսինքն՝ մեծահարուստ մարդ, սակայն նախաքննության սկզբնական փուլում նրա համար գործում ներգրավել է հանրային պաշտպան, ով, ինչպես հայտնի է, կոչված է պաշտպանելու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների շահերը:
Պաշտպանը պահանջեց ցույց տալ գեթ մեկ փաստական տվյալ առ այն, որ «Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ կազմակերպել ու ղեկավարել է բանդան»: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ընդհանրապես ծանոթ չի եղել:
Հ.Արսենյանը նշեց, որ գործում առկա է սոսկ երկու թուղթ՝ ոստիկանության գրություններն՝ ուղղված նախաքննական մարմնին, օպերատիվ տվյալներ կան, որ Արտուշ Հակոբյանի տանը կարող է թաքցված լինել զենք, զինամթերք, ոսկեղեն և այլն, և որ բանդան ղեկավարել է Արտուշ Հակոբյանը: Եվ միայն օպերատիվ տվյալների հիման վրա էլ, դատարանը թույլ է տվել խուզարկություն կատարել իր պաշտպանյալի տանը:
«Եվ որտե՞ղ մնաց բնակարանի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմը»,- հարց առաջադրեց պաշտպանը:
Թեև գործում նշվում է, որ հայտնաբերվել են շատ հեռախոսներ, սակայն նախաքննական մարմինը չի պարզել, թե դրանցից յուրաքանչյուրն ում անունով է գրանցված ու ում կողմից է օգտագործվում: Պաշտպանը նշեց, որ ներկա գործը անջատված մաս է, իսկ մյուս մասով քննությունն, իբրև, շարունակվում է՝ ում մասո՞վ է շարունակվում գործը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
