Բանը ո՛չ գիտությունն է, եւ ո՛չ էլ՝ կոռուպցիան
Lragir.am-ը գրում է.
ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը ուսանողական բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ձեւավորվել է «Հանուն գիտության զարգացման» շարժում, եւ Երեւանում ուսանողները դասադուլ են անում:
Նույնատիպ մի բան Հայաստանը տեսել էր 2004 թվականին՝ այն ժամանակ ուսանողները կարողացան ստիպել իշխանություններին՝ հրաժարվել այդօրինակ օրինագծից: Բայց ժամանակներն այժմ ուրիշ են, եւ իշխանությունների հետ ուսանողների վեճերն ընթանում են ծանր պայմաններում: Ուսանողները, բնականաբար, շատ առումներով իրավացի են. գիտությունը տուժում է: Ֆորմալ կերպով իշխանությունները նույնպես որոշ հարցերում իրավացի են. նրանք մատնանշում են, որ բուհերի ուսանողներին տրամադրվող զինծառայության տարկետումը կոռուպցիոն սխեմաների ճանապարհ է բացում: Այսինքն՝ բացեիբաց ասվում է, որ իշխանություն եւ փող ունեցող գործարքամոլներն իրենց «սիրասուն զավակներին» ազատում են զինվորական պարտականությունից: Սակայն, ինչպես միշտ, որոշում են այս խնդիրը լուծել բարեխղճորեն սովորող երիտասարդության շահերի հաշվին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ըստ էության, բանը ոչ գիտությունն է, եւ ոչ էլ՝ կոռուպցիան:
Եթե վերանանք գոյություն ունեցող հիմնախնդիրների ընդհանուր համատեքստից, ապա զինակոչի տարբերակման ձեւերի ծրագիրն անջատողություն չի առաջացնում` քաղաքացիներին բանակում ծառայելու ձեւերի ընտրության հնարավորությունների ընձեռումը եւ դրամական խրախուսումները պետք է հետագայում եւս ընդլայնվեն: Սակայն պարզ է նաեւ, որ ներկայում շեշտը դրվում է զինծառայողների թվաքանակի ավելացման վրա` կանոնների խստացման եւ միաժամանակ ֆինանսական խթանների եւ փոխհատուցումների բարձրացման միջոցով: Իրականում դա նույնիսկ «ազգ-բանակ» հռչակված ռազմավարության հետ որեւէ կապ չունի, դա երկրի ժողովրդագրական դժվարությունների, ինչպես նաեւ վերջին տարիներին ծագած սոցիալական լարվածության հետեւանքներով առաջացած համակարգային սովորական բարեփոխում է:
Մանրամասն` Lragir.am
