Բաքուն չի տրամադրում անվտանգության երաշխիքներ ՄԻ-24-ի կործանման վայրում դիտարկում անցկացնելու համար
Պաշտոնական Բաքուն անվտանգության երաշխիքներ չի տրամադրել ԵԱՀԿ-ին՝ ՄԻ-24 ուղղաթիռի կործանման վայրում դիտարկում անցկացնելու համար: Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի ուղղությամբ անցկացված պլանային դիտարկումից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Երեկ ԵԱՀԿ առաքելության կողմից դիտարկված հատվածը գտնվում է ուղղաթիռի խոցման վայրից մոտ 10-ից 12 կիլոմետր հեռավորությամբ:
Դեսպան Կասպշիկի խոսքերով, ԵԱՀԿ-ն փորձել է նախապես որոշված վայրի փոխարեն դիտարկումն ուղղաթիռի կործանման վայրում անցկացնել, սակայն Բաքուն այդ տարածքի համար անվտանգության երաշխիքներ չի տվել:
Դեսպանը տեղեկացրել է, որ իր գրասենյակը շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ:
