Բաքուն իր հայտարարություններով փորձում է հետաձգել Նախարարների կոմիտեի որոշման կատարումը․ Արցախի ՄԻՊ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
– Պարոն Մելիքյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ասել է նաև, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա, և դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի:
– Ես այս հայտարարությունը կապում եմ ԵԽ Նախարարների կոմիտեի վերջին աննախադեպ որոշման հետ, որով Ադրբեջանին կոնկրետ ժամանակ է տրվել ՄԻԵԴ վճիռը կատարելու և անազատության մեջ ոչ իրավաչափ պայմաններում պահվող մի քաղաքացու ազատ արձակմանը։ Սահմանված ժամկետում վճռի չկատարման դեպքում ԵԽ կառույցները լրջորեմ պատրաստվում են քննարկել ԵԽ-ին Ադրբեջանի անդամության հարցը։ Ադրբեջանը հիմա այս հայտարարություններով ցույց է տալիս իր թվացյալ վճռականությունը որոշումը չկատարելու մասով կամ փորձում է այդպիսով հետաձգել վճռի կատարումը։
– Բայց իսկապե՞ս ԵԽ-ից դուրս գալով Ադրբեջանը ոչինչ չի կորցնում։
– Ես կդժվարանամ մեկնաբանել այդ հարցը, բայց կարող եմ ասել, որ Ադրբեջանը փորձում է բավականին ակտիվ լինել եվրոպական ուղղությամբ հարաբերություններում, և չեմ կարծում, որ ԵԽ-ից դուրս գալը Ադրբեջանի համար այդքան սովորական, նշանակություն չունեցող հարց է, ինչքան ներկայացվում է Ալիևի հայտարարության մեջ։ Բնականաբար, դա այդպես չէ, բնականաբար, Ադրբեջանի համար կարևոր է ԵԽ-ում լինելը, բայց ցավալի է, որ այդ ամենը ավելի շատ ձևական բնույթ է կրում, և իրական, եվրոպական արժեքներ ներդնելու մտադրություն մենք, ցավոք սրտի, չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Իսկ մեզ համար շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մեր բոլոր հարևանները, առաջին հերթին՝ Ադրբեջանը, անկեղծորեն ձգտեին եվրոպական արժեքների ներդրմանը։ Ցավոք, սակայն, դա այդպես չէ։
– Պարոն Մելիքյան, Ալիևը դժգոհել էր ԵԽ-ից նաև այն պատճառով, որ այդ կառույցը ավելի բարեհաճ է Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի։ Իսկապե՞ս կա այդպիսի ընդգծված տարբերակված մոտեցում։
– Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է անեմ իմ իրավասություններից դուրս դատողություններ։ Իսկ իմ իրավասության դատողությունն այն է, որ մեզ համար մարդու իրավունքների տեսանկյունից շատ ավելի ցանկալի է, որ Ադրբեջանը ունենա մարդու իրավունքների եվրոպական չափանիշներ, քանի որ մենք ունենք Ղարաբաղյան հակամարտություն, սահմանային վիճակներ։ Ցավոք սրտի, մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից անկեղծ ձգտում՝ ներդնելու եվրոպական չափանիշներ, որը ավելի քաղաքական բնույթ է կրում, քան իրավական և արժեքաբանական։