Բաքվում ինքնահաստատվում էին մեզ հետ շանտաժի լեզվով խոսելով
Հայկական ուղղաթիռի խոցումը սիմվոլիկ հաղթանակ էր Բաքվի համար` օգոստոսյան ջարդից հետո: Այդ պատճառով էլ` ուղղաթիռը խոցելուց հետո լկտիացած` Բաքուն բեկանում էր դիվանագիտական ուղիներով մեր օդաչուների աճյունները վերադարձնելու ցանկացած փորձ: Բաքուն ինքնահաստատվում էր մեզ հետ շանտաժի լեզվով խոսելով, մեզ մերժելով: Եվ ահա այս օրերին Ադրբեջանը կորցրեց անգամ այդ սիմվոլիկ հաղթանակի էֆեկտը: Իր բնակչության վրա Արցախի Պաշտպանության բանակի հանդես բերած պրոֆեսիոնալիզմի ճնշող հոգեբանական ազդեցությունը կանխելու համար Բաքուն որդեգրեց պարզունակ և իռացիոնալ ճանապարհ` հերքել հայկական կողմի տարածած տեղեկությունը:
Այս օրերին կարծիքներ են հնչում, որ հայոց բանակի իրականացրած հատուկ գործողությունը Սեյրան Օհանյանի հռչակած փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքի վառ օրինակ է: Իսկապես այդպես է: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Սեյրան Օհանյանի զինակիցն է և` համախոհը, իսկ երկու հայկական պետությունների զինված ուժերը միասին` հայոց բանակն է, որի մարզման սկզբունքը` մեկն է փոքր ուժերով հավակնոտ խնդիրներ լուծել կարողանալը: Այս գործողությունը ապացույցն է այն բանի, որ հավակնոտ մարտական խնդիրներ լուծելու կարողությունը մեր բանակն ունի:
Տարոն Ղազարյան
