Բաքվում մեծ թվով արմատական իսլամիստներ են կալանավորվել
Բաքվի Յասամալի շրջանում երեկ գիշեր անցկացված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցները կալանավորել են 42 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստ արմատականների հետ կապեր ունենալու մեջ:
Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Յասամալի շրջանի ոստիկանության վարչությունը:
Հատուկ ծառայության աշխատակիցները ներխուժել են Farkli Lahmacun թեյարան, որտեղ իսլամիստները կրոնական բնույթի միջոցառում են անցկացրել: Հավաքվածների մեջ երկու անչափահասներ էլ են եղել: Միջադեպի վայրից առգրավել է նաեւ կրոնական գրականություն:
Կալանավորվածներից մի քանիսի նկատմամբ «կրոնական արարողությունների պատրվակով անչափահասների ներգրավմամբ քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգություն» հոդվածով քրեական գործեր են բացվել:
Ենթադրվում է, որ կալանվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռազմական գործողություններին մասնակից վարձու մոջահեդների հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ` հանուն հավատի) կատարել Սիրիայում:
