«Բարգավաճ Հայաստան»-ը դժվար թե կարողանա վերականգնել իր քաղաքական կշիռը. քաղաքագետ
2017թ. խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է իր տեղը զիջել այլ քաղաքական ուժի, քանի որ դժվար թե կարողանա վերականգնել իր քաղաքական կշիռը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Իշխանական թևի մասով ամեն ինչ հայտնի է, լինելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցություն: Ընդդիմության մասով կզգուշանայի այս պահին կանխատեսումներ անել: Երկու սեգմենտի միջև կլինի պայքարը` որ քաղաքական ուժը կստանա արևմտամետ քաղաքական ուժի տեղը և որը կգրավի ԲՀԿ-ի տեղը»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա կարծիքով` ամենաթեժ պայքարը լինելու է հենց այն ոլորտում, որն այսօր զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան»-ը:
«Այս ոլորտը ներկայացնում է խոշոր և միջին բիզնեսով զբաղվող մարդկանց մի մասը, որոնք բավարարված չեն ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակով, սակայն ունեն ռեսուրսներ` աշխատելու ԲՀկ-ի փոխարեն»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս ուժը փորձում է դառնալ կոնստրուկտիվ ընդդիմություն, որի նպատակը կլինի տրոհել ընդդիմադիր դաշտը:
