Բաղրամյանը հոդս չցնդեց, երբ ուզեք կվերադառնաք. Օսիպյան
«Փոխանակ ինքներդ խումբ կազմեք, մտնեք հանձնաժողովի մեջ եւ փորձեք այդ ուղիով կարգավորել այս հարցը, անիմաստ կանգնել եք այստեղ: Ինչքա՞ն պիտի կանգնեք՝ 5 օր, 10 օր, մեկ տարի, ի՞նչ պիտի փոխվի»,- Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում մոտեցել է ցուցարարներին եւ հորդորել մոտենալ ոստիկանությանը եւ հայտնել, որ խաղաղ հեռանում են, որպեսզի Բաղրամյան պողոտայի հասարակական կարգը վերականգնվի:
«Բաղրամյանը հոդս չցնդեց, երբ ուզեք կվերադառնաք: Եթե մենք ուզենք, ոստիկանությունը կարող է 5 րոպեում հիմա հասարակական կարգը վերականգնել, բայց մենք չենք ուզում դիմել այդ ուժին: Խնդրում ենք ձեզ խաղաղ հեռանալ կամ գնալ Ազատության հրապարակ»:
Վալերի Օսիպյանը նաեւ շնորհակալություն է խնդրել ցուցարարներին՝ իրենց պայքարի համար: «Ես անձամբ շնորհակալ եմ ձեզ եւ բոլոր կազմակերպիչներին՝ այս ցույցը կազմակերպելու համար: Դուք այն արել եք նաեւ մեզ համար, ինձ համար, եւ ձեր շնորհիվ իմ ընտանիքը մոտ ժամանակներս թանկ չի վճարի էլէներգիայի համար»,-ասել է նա:
