ԲՀԿ-ական պատգամավորներին հրահանգվել է 100.000-ական դրամ հավաքել և նվեր գնել
Օրերս հանդիպեցի ԱԺ պատգամավոր ընկերներիցս մեկին, ով բավականին հետաքրքիր մի տեղեկություն հայտնեց: Հասկանալի պատճառներով ընկերոջս անունը չեմ նշում, քանի որ նրա պատմածը ԲՀԿ-ի մասին էր: Ինչպես իմացա, տարբեր առիթների համար փող հավաքելու ավանդույթը գործում է նաև խորհրդարանում, իսկ կոնկրետ այս դեպքում դրամահավաքության զոհը ԲՀԿխմբակցության պատգամավորներն են: Այսօր Գագիկ Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է, ինչի առիթիվ ԲՀԿ-ական պատգամավորներին հրահանգվել է 100.000-ական դրամ հավաքել և նվեր գնել տիկին Ծառուկյանի համար: Իհարկե, ԲՀԿ-ական օլիգարխ պատգամավորների համար դա առանձնապես մեծ գումար չի՝ ընդհամենը մի «պերերիվի» հաշիվ, սակայն պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ խմբակցությունում, ճիշտ է՝ շատ քիչ, բայց կան նաև պատգամավորներ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը պատգամավորական աշխատավարձն է և 100.000 դրամը նրանց համար լուրջ թիվ է: Հենց այս սակավաթիվ ԲՀԿ-ական պատգամավորներն են, որ իրենց թաքուն դժգոհությունն են հայտնել դրամահավաքից՝ որպես հիմնավորում նշելով նաև, որ տիկին Ծառուկյանը հաստատ իրենց նվերի կարիքը չունի, իսկ իրենց համար այդ 100.000-ը կարող է շատ հարցեր լուծել: Չնայած դժգոհություններին, ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները մի մարդու պես մասնակցել են դրամահավաքին՝ ավելորդ անախորժություններից ու շահարկումներից խուսափելու համար:
Գրեթե չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է այս ամենից, բայց հուսով եմ , որ գոնե տեղեկանալուց հետո ինչ-որ քայլեր կձեռնարկի՝ նման իրավիճակները հետագայում բացառելու համար:
Այս գրառումը որևէ կապ չունի օրվա առիթի հետ, ուստի անկեղծորեն շնորհավորում եմ տիկին Ռոզա Ծառուկյանի ծննդյան տարեդաձը, մաղթում եմ առողջություն և երկար տարիների կյանք, նաև շնորհակալ եմ ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում տիկին Ծառուկյանի ունեցած մեծ ավանդի համար:
