Բջջային հեռախոսի գողություն՝ կոշիկի խանութի հաճախորդներից մեկից (Լուսանկարներ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է կոշիկի խանութից «Սամսունգ գալաքսի» բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերին 17-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութում, որտեղ գաղտնի հափշտակվել է բնակչուհի Լ. Բադալյանին պատկանող բջջային հեռախոսը` վերջինիս պատճառելով 330.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում ստացվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է շիկահեր, կարճ սանրվածքով կինը հեռախոսը դնում իր պայուսակը և, դրամարկղում վճարելով գնված կոշիկի համար, շտապ հեռանում:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված շիկահեր, կարճ սանրվածքով կնոջ ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
