Բոլորը Գյումրիում խառնվել են իրար.VIDEO
«Նմանատիպ դեպքերն ավելորդ լարվածության առիթ են դարձել, բոլորը Գյումրիում
խառնվել են իրար, որ էլի ռուս զինծառայողը դռներ է թակել: Փաստը մնում է փաստ, որ վախ կա, և նմանատիպ դեպքերի ժամանակ մարդիկ սթրես են ապրում: Այս դեպքից հետո պետք է հետևություն արվի թե՛ ռուսական ռազմաբազայի,եւ թե՛ մեր կողմից»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր, ծնունդով գյումրեցի Մարտուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական ռազմաբազայի մի զինծառայող ալկոհոլի ազդեցության տակ Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանների դուռն էր թակել՝ պահանջելով բացել այն: Երանոսյանները դուռը չեն բացել, չնայած ռուս զինծառայողը մոտ 30 րոպե թակել է դուռը, այն էլ՝ գիշերը 24:00-ին:
Հարցին՝ Գյումրիում անվստահություն կա՞ ռուսական ռազմաբազայի նկատմամբ, Գրիգորյանն ասաց, որ բոլորս էլ այդ հարցի պատասխանը գիտենք.
«Ռուսական ռազմաբազայի հետ կապված կա կոնկրետ խնդիր, ալկոհոլի ազդեցությամբ ռուս զինծառայողը միանգամից վախի մթնոլորտ, վախի տրամադրություն է առաջացնում: Այդ առումով խնդիր ունենք; Կարծում եմ՝ միակ ճիշտ լուծումն այն է, որ կոնկրետ կարողանան գործիքներ գտնել, ճիշտ վերահսկողություն կազմակերպել, իսկ ռուսական ռազմաբազան Գյումրի քաղաքի համար օգուտ է և վնաս չէ»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք պատգամավորը քրեական գործ հարուցելու հիմքեր տեսնում է, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. «Ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իրավապահ մարմիններին»:
Մանրամասները` Fnews.am-ի տեսանյությում:
