Բողոքի ակցիա` հանուն Աշոտ Առուշանյանի
Նոյեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել էր 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով վճիռը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը` 5.5 տարվա ազատազրկում: Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը ասաց, որ դեռ չեն վերցրել վճիռը, որպեսզի տեսնեն թե ինչ հեքիաթներ է գրված այնտեղ: «Բողոքարկելու ենք ոչ թե մինչև ՀՀ վճռաբեկ դատարան , այլ ամբողջ աշխարհին»: Ինչպես տեղեկացրեց Աշոտի հայրը՝ նա դադարեցրել է հացադուլը, և արդեն տեղափոխել են բանտախուց: Դատավճիռը վերցնելուց հետո բողոքի ակցիա է կազմակերպվելու հանուն Աշոտ Առուշանյանի ասաց նրա հայրը: Հնարավոր է, որ ընտանիքը նորից հացադուլի դիմի, այս անգամ արդեն մեծ մասշտաբով: Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում Առուշանյանի փաստաբան՝ Լիպարիտ Սիմոնյանը ասաց. «Դատավճիռը 5-7 օրվա ընթացքում պատրաստ է լինելու, որից հետո կբողոքարկեն դիմելով Վճռաբեկ դատարան»: «Չենք լռելու գնալու ենք մինչև վերջ, մենք վախենալու ոչինչ չունենք, և թաքցնելու բան չունենք, եթե Վճռաբեկ դատարանն էլ արդարացի որոշում չկայացնի, ոչ թե նամակ ենք ուղարկելու ՀՀ նախագահին, այլ հանդիպում ենք պահանջելու» եզրափակեց Աշոտի հայրը:
