Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանն իր անմեղությունն ապացուցելու համար պատրաստ էր իջեցնել տաբատը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:
Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:
Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:
Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:
Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:
Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
