Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնել Երևանի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների երեք տասնյակից ավելի բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է բուժաշխատողներին ու շնորհակալություն հայտնել նվիրված և բարեխիղճ աշխատելու համար։
«Հարգելի՛ բուժաշխատողներ, ձեզ է վստահված կարևորագույն ոլորտներից մեկը, որ հոգում է մեր բնակչության առողջության մասին։ Այսօր քաղաքապետարանը մեծ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի առողջապահության ոլորտում՝ ուղղված համակարգի առաջընթացին ու բնակչության առողջության բարելավմանը։ Եվ շատ ծրագրերում քաղաքապետարանը զգում է ձեր սատարումը, հատկապես քաղաքապետարանի իրականացրած բուժակցիաների օրերին, որից հերթականը օգոստոսին կմեկնարկի։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք և շնորհավորում ենք»,- նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի հատուկ պատվոգրով են պարգևատրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Անուշ Բունիաթյանը, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Ի դեպ, «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի և Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենները առաջիններն են, ովքեր պարգևատրվում են այս պատվոգրերով։
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով է պարգևատրվել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը։
Բուժաշխատողներին շնորհավորել և պատվոգրեր է հանձնել նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։
«Շնորհավորում եմ ձեզ նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից և շնորհակալություն հայտնում համակարգում կատարած ձեր մեծ ներդրումի համար։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության և Երևանում գործող բոլոր բուժհաստատությունները մեծ նշանակություն ունեն համակարգում։ Առողջապահության նախարարության քաղաքականությունը շատ որակյալ ու հմտորեն է իրականացվում Երևանում, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ջանքերով։ Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին՝ ոլորտի նկատմամբ շատ ուշադիր գտնվելու համար»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ապա առողջապահության նախարարության պատվոգրերով պարգևատրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանին, ինչպես նաև Երևանի մի շարք բուժհաստատությունների, այդ թվում և համաբուժարանների բժիշկների ու երկարամյա վաստակ ունեցող բուժքույրերի։
