ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԸ
Դեռևս 1951 թվականին հայտնի դարձավ, որ Սևանի լճի ջրի դարավոր պաշարներիի իջեցման հետևանքով ջրի տակից երևան են գալիս հնագույն շրջանին վերաբերող մեծ թվով հնագիտական հիշատակարաններ։ Տեղում՝ լճի ցամաքած տարածությունների վրա, ամբողջ Սևանի ավազանում, կատարված հետազոտություններն և հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ ջրի տակից դուրս եկած հիշատակարանները վերաբերում են տարբեր ժամանակների։ Սրանք թվագրվում և սկիզբ են առնում երրորդ հազարամյակից և ավարտվում են առաջին հազարամյակի երկրորդ կեսերին Ք Ա:
Նոր հուշարձանները մեծ մասամբ կուրգաններ էին , կրոմլեխներ ու քարարկղային խմբին պատկանող դամբարաններ։ Կային նաև բնակատեղիների ավերակների հետքեր, ամրոցների պարիսպների մնացորդներ և այլն։
Պեղումների արդյունքում պարզվեց, որ Սևանի ավազանը՝ Գեղամա աշխարհը անհիշելի ժամանակներից ի վեր եղել է խիտ բնակեցված վայր,քաղաքակրթության հնագույն օջախ : Այստեղ բնակչություն է եղել հաստատված դեռևս վաղ քարեդարյան շրջանից թվագրվող ժամանակաշրջանից սկսյալ և այն անընդմեջ ու անընդհատ շարունակվել է մինչև մեր օրերը:
Հնագույն մշակույթի անընդհատության հետքերն ավելի որոշակիորեն երևում են պեղումներով ձեռք բերված նյութական մշակութային շերտերի մնացորդների հաջորդական զարգացումից և հնագույն շրջանից մինչև մեր օրերր մեկը մյուսին հաջորդած կիկլոպյան և ուրարտական ամրոցների, բնակատեղիների ավերակների առկայությունից, ինչպես և տարբեր ժամանակներին պատկանող բազմատեսակ դամբարանների գոյության փաստերով։ Դամբարաններ, որոնցից միայն մի փոքր խումբն է, այն էլ լճի ջրի տակից դուրս եկած խումբը, որ քննության ենք առնում այստեղ։
Հնագետ Հ. Մնացականյանը՝ ով անձամբ ղեկավարում էր Ցամաքաբերդի դամբարանադաշտի ուսումնասիրություններն և պեղումները (արշավախմբի աշխատանքներին մասնակցել են նաեւ այն ժամանակվա Երեւանի Մոլոտովի անվան Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի 5-րդ կուրսի ուսանողներ Ստ. Եսայանը,Ս.Հարությունյանը,Ա. Սահակյանը եւ թանգարանի լուսանկարիչ Պողոս Գրիգորյանը ) նշում է.
«-Մեր պեղած դամբարանները և ուսումնասիրած դամբարանադաշտերը, բնակատեղիներն ու ամրոցների ավերակները պատկանում են ոչ միայն տարբեր ժամանակների, այլ և տարբեր խմբավորումների: Այսպես, օրինակ, մենք պեղել և ուսումնասիրել ենք՝
1. Քարարկղային խմբին պատկանող դամբարաններ, որոնք իրենց հերթին բաժանվում են՝ ա) սալարկղների և քարարկղների (սրանց պատերը կառուցված են դաշտային անմշակ տափակ կողմ ունեցող քարերից և սովորական սալաքարերից), բ) պատաշար դամբարաններ (որոնց պատերը շարված են սովորական շենքերի շարքի քարերով)։ Ժամանակագրվում են առաջին հազարամյակի սկզբներից մինչև VI դարր մ. թ. ա. :
2. Հողի կտրվածքի մեջ կատարված թաղումներ (Քաղսի, Վարդենիս (Բասարգեչար) Դամբարանների այս տեսակը ոչ մի կողմից չունի քարից պատեր։ Ժամանակագրվում են դարերը մ. թ. ա . :
3. Դամբարանների երրորդ խումբը կազմում են կրոմլեխները, որոնք ունեն շուրջանակի շարված պատեր, իսկ շրջանների կենտրոններում՝ գերեզմանափոսեր, որոնք ծածկված են լինում 2 - 3 տափակ քարերով....»:
Պարզվում է որ նշված երեք խմբերին պատկանող բոլոր դամբարանները ծածկված են եղել կամ մի քանի մեծ ու լայն սալերով, կամ մեկ կողմով տափակ հսկայական մեծությամբ պատահական քարերով։
Դամբարանների հանդիպած վերջին խումբր կուրգաններ են: Սրանք ևս բաժանվում են երկու ենթախմբերի՝ ա) մեկ գերեզմանափոս ունեցող, կամ մեկ «սենյականոց» կուրգան, բ) բազմաչք, կամ մի քանի գերեզմանափոս ունեցող կուրգաններ։ Այս դեպքում կենտրոնում թաղված է լինում «գերեզմանատերը», իսկ նրա շրջապատում իր անձնական սեփականությունը կազմող զենքերն, զարդարանքները և այլ իրեր (Ղաչաղան, Այրիվանք, Իրինդ):
Կուրգաններից հանված հնագիտական նյութերը ժամանակագրվում են վաղ բրոնզի և պղնձե եւ քարի դարի ( էնեոլիթ) տարբեր շրջաններին:
Արդյունքում պեղած և ուսումնասիրած կուրգանների վրա սովորաբար առկա են եղել կամ անհամար մանր քարեր (Այրիվանք, Ղաչաղան), կամ մեծ քարերով կանոնավոր կառուցված են եղել հսկայական բուրգեր, որոնց բարձրությունը գետնի մակերևույթից երբեմն հասնում է երեք մետրի, տրամագիծը՝ 5- 8 մետրի (Ծովազարդ, Աթարբեկյան, Այրիվանք, Քաղսի)։
Վերևում ցույց տված դամբարաններում կատարված թաղումների հետ կապված սովորույթը նույնպես բազմազան է: Այսպես, օրինակ, հանդիպում են՝ ա) աջ կամ ձախ կողքերի վրա պառկեցրած՝ ոտքերը ծալած, թևերը կամ մեկնած, կամ նույնպես ծալած թաղումներ, բ) պպզած վիճակում թաղումներ, թևերը նույնպես ծալած: Թաղման այս ձևը տարածված է ոչ միայն Այսրկովկասում, այլև նրա սահմաններից շատ հեռու, գ) հանդիպել են նաև դիակիզված, հաճախ նաև դիակը ներկած թաղումներ (Ցամաքաբերդ, Քաղսի)։
Հնում թաղման հետ կապված սովորույթները և հասկացողությունները եղել են բազմազան և բավականաչափ բարդ: Պեղումների ժամանակ շատ հաճախ հանդիպում են միևնույն դամբարանադաշտի միևնույն գերեզմանափոսում մեկ մարդու կմախք (միայնակ թաղում մի դամբարանում մեկ տղամարդու և մեկ կնոջ կմախք, երբեմն պատահում է նաև երեխայի կմախք (ընտանեկան դամբարաններ, Քաղսի, Ծովազարդ, Այրիվանք, Ցամաքաբերդ, Իրինդ) և այլն։ Գրեթե միշտ և ամենուրեք հանդիպում են խմբային թաղման թվին պատկանող մեծ թվով դամբարաններ (Աստղաձոր, Գոլովինո, Աթարբեկյան) և այլն):
Վերջին խմբին պատկանող թաղումների ժամանակ թաղվածներից մեկի կմախքը, շատ հաճախ, տարբերվել է մնացածներից իր գրաված առավել հարմար դիրքով, դամբարանի մեջ նրա զբաղեցրած տարածությամբ կամ նրա զբաղեցրած ավելի հարմար վայրով: Տվյալ դամբարանում գտնվող իրերի մի զգալի մասը դրված են եղել «արտոնյալների» մոտ (Աթարբեկյան 1-ին դամբարան, Քաղսի 6-րդ դամբարան, Աստղաձոր 1-ին և 2-րդ դամբարաններ, Այրիվանք 1-ին կրոմլեխ և այլն)։
Խմբային թաղման պատկանող դամբարաններում մեծ մասամբ կմախքները խառնված են եղել, բայց պատահում են և դամբարանի լայնքով կանոնավոր շարքերով պպզեցրած թաղումներ (Աթարբեկյան 1-ին դամբարան):
Կավամանները միշտ գտնվել են դամբարանի ավելի ազատ տարածության վրա, և շատ հաճախ նրանց մեջ գտնվել են նաեւ մանր եղջերավոր անասունի ոսկորներ (ուտելիքի մնացորդ)։
Բոլոր դամբարանները, եթե նրանք պատկանում են 1-ին, 2-րդ ե 3-րդ խմբերին, իրենց գերակշռող մասով ուղղված են եղել հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, կամ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Արևելքից արևմուտք, կամ հյուսիսից հարավ ուղղված դամբարաններ քիչ են հանդիպել:
Ստորև ներկայացնում ենք 1952 թվականին Սևանի Ցամաքաբերդ գյուղից հյուսիս-արեւելք «Գյամի Բողազ» ( ազերի թուրքերենից այն թարգմանաբար նշանակում է Նավատեղի,Նավահանգիստ, այն համընկնում է ներկայիս «Մինուտկա » լքված եւ ավերված երբեմնի ռեստորանի եւ դեպի Սեւանի թերակղզու միջեւ ձգվող հանդիպակած ընդարձակ ծառապատ եւ ուշ գարնանն եւ հատկապես ամռանը ծաղկավետ փարթամով զուգված եւ տարածված ալպյան ծաղկապատ դաշտերի հատվածը, որտեղ հատկապես պարսկական եւ ռուսական տիրապետության շրջանում եղել է Սեւանավանքը ցամաքին կապող հիմնական տարածքը ) կոչվող՝ վայրում կատարած Հ. Մնացականյանի կողմից պեղումների համառոտ պատմությունն և նկարագիրը: Ցամաքաբերդի դամբարանադաշտը որը տարածվում եւ գտնվում է Սևանի նախկին կղզու դեմ առ դեմ և տարածվում է շուրջ 20 մետր լայնությամբ և 200 մետր երկարությամբ մի ընդարձակ տարածքի վրա ներկայումս Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի տարածքում:
Նշված «Գյամու Բողազ» կոչվող վայրում հյուսիսից հարավ ուղղությամբ չորս կանոնավոր շարքերով դասավորված են քարարկղային տիպի դամբարաններ և կրոմլեխներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 140։ Դամբարանների 5-րդ շարքը դեռեւս 1952 թվականի պեղումների ընթացքում ջրից դեռ չէր ազատվել: Կրոմլեխները կազմում էին մի աոանձին շարք և գտնվում են երրորդ գծի վրա։ Հազարամյակներ մնալով ջրի տակ նրանք բոլոր հուշարձանները կրապատվել են, կորցնելով իրենց արտաքին նշանները և լիովին մերվել են շրջապատի հետ։ Կրային և աղային նստվածքները, ծովափնյա ավազը և մանր քարերը միաձուլվելով կազմել են զանգվածային հսկայական կոմպլոմերատներ և իրենց տակն առել դամբարանները։ Այդ շերտերի երկարությունը տեղ-տեղ հասնում է 50 մետրի, լայնությունը՝ 10 մետրի:
Ցամաքաբերդի դամբարանները պատկանում են քարարկղների և կրոմլեխների խմբին՝ քարարկղների գերակշռությամբ ։
Ցամաքաբեբդի դամբարանադաշտի կրապատված շերտերի «առավելությունն» այն է, որ թույլ են և ավելի հեշտությամբ են ջարդվում, քան Ծովազարդի (Մուխան) «զրահավորված» դամբարանների վրայի կրապատ շերտերը: Ցամաքաբերդի զանգվածային կոմպլոմերատների տակ տեղավորված են երբեմն 7- 8 դամբարան կամ կրոմլեխ։ Այստեղ գտնվող դամբարանների ծածկի քարերը ջրի անընդհատ ծեծկումների և ավերող գործունեության շնորհիվ մեծ մասամբ պոկվել են իրենց սկզբնական տեղերից և ընկել են դամբարանի շրջապատում կամ շատ ավելի հեռացել ու ծածկվել ավազանների տակ։
Դամբարանները կրային զրահից ազատելուց հետո, որը տեղ-տեղ 18սմ հաստություն ունեն եւ, նրանց մեջ բացվում է ծովափնյա մանր քարերի 15-20 սմ հաստության մի շերտ, որի տակ գտնվում է մարուր և փխրուն 20-30սմ հաստություն ունեցող ավազաշերտ, իսկ վերջինիս տակ կարմրավուն կավաշերտ, որի մեջ էլ կատարված են եղել թաղումները։
Հնավայրի պեղած բոլոր դամբարանների լիցքը միատեսակ է, դա, անկասկած, հաստատում է, որ թաղման ժամանակ դամբարանները հողով լցված չեն եղել: Ուշագրավ է որ 1952թ. տեղեկությունների եւ ուսումնասիրությունների համաձայն դեռեւս բազմաթիվ դամբարաններ դեռ ջրից չէին ազատվել, իսկ մի մասն էլ կիսով չափ էր ազատվել:
Ցամաքաբերդի դամբարանադաշտն իր արտաքին տեսքով բավականաչափ նման է Ծովազարդի (Հաջի Մուխան), ջրի տակից դուրս եկած դամբարաններին եւ Հայաստանի պեղված մյուս հնավայրերի դամբարաններին։
Ցամաքաբերդում արշավախմբի պեղած 14 դամբարաններից 12-ի մեջ գտնվել էր մեկական, իսկ մեկի մեջ երկու մարդկային կմախք։ Վերջինիս 13-րդի մեջ թաղված էր մեկ կին և մեկ տղամարդ: Նրանց դեմքերն ուղղված էին միմյանց։ Երկու կմախքների ոտքերն ու թևերը ծալված էին և իրար խառնված: Անկասկած, այստեղ միասին թաղվել են ամուսիններ: Այստեղ թաղված չորս կավամաններից մեկի մեջ եղել է մանր եղջերավոր անասունի ոսկորներ՝ հավանաբար ուտելիքի մնացորդ:
Տասնչորսերորդ դամբարանը պատկանում էր երեխայի, որի միջից այդ ժամանակ գտնվեցին 6 հատ մանր կավամաններ, որոնք, հավանաբար, կազմել են ննջեցյալի սեփականությունը՝ նրա կենդանության ժամանակ։ Բոլոր այս ամանները, մյուս դամբարաններից գտնվածների համեմատությամբ, փոքր էին և թվում է, թե հատուկ պատվերով են պատրաստված: Ահա այս իմաստով անհավանական չէ, որ դրանք պատրաստած լինեն հատկապես երեխաների հետ թաղելու նպատակով:
Այստեղ ևս թաղումը կատարված է նույն կանոններով, ինչպես մեծահասակների մոտ։
Դամբարաններից 11-ը հայացքով ուղղված են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, իսկ 3-րդ, 8-րդ և 11-րդ դամբարանները՝ հյուսիսից հարավ։ Արդյունքում պեղված 14 դամբարաններից 4-ը հանդիսանում են կրոմլեխներ : Բացած բոլոր դամբարանների մեջ գտնված կմախքները պառկած են ձախ կողքի վրա, ոտքերը և թևերը կուչ բերած դրությամբ:
Ցամաքաբերդի դամբարաններում մետաղե իբերը, արդ ու զարդի պարագաններն անհամեմատ ավելի սակավ են, քան Ծովազարդի և Այրիվանքի դամբարաններում հայտնաբերված նյութերը :
Այս երևույթը վերին աստիճանի կարևոր է դամբարանների ժամանակաշրջանը որոշելու և դամբարանադաշտ ստեղծող ցեղերի ունեցվածքի ու թաղման սովորությունների հետ կապված որոշ մանրամասնությունների մասին գաղափար կազմելու համար:
Ցամաքաբերդի դամբարանադաշտում պեղած քարարկղներում ավելի շատ մետաղե իրեր և կերամիկա գտնվեցին, քան կրոմլեխներում ։
Քարարկղներից յուրաքանչյուրի մեջ դրված էին 3-5 տարրեր նշանակության և մեծության կավամաններ։ Սրանց մեծ մասը գծազարդ են և կառուցված են եղել դուրգնի վրա։ Կավամաններով առավել հարուստ է 5-րդ դամբարանը, որտեղ, բացի ամբողջական ամաններից գտնվել նաև 12 հատ տարբեր ձևի ամանների բեկորներ: Կոտրված ամանի կտորները դամբարան դնելու սովորույթը ընդունված և տարածված երևույթ է եղել գրեթե ամենուրեք: Այս սովորույթը պետք է, որ կապված լինի աոաջին հերթին նյութական ունեցվածքի գնահատման, նրա խնայման հետ: Ամբողջական ամաններ դամբարան դնելը կապված էր նյութական կորստի, սովորույթի և հասկացողությունների հետ:
Յուրաքանչյուր դամբարանում դրված կավամաններից մեկի, կամ երկուսի մեջ գտնվում էին մանր եղջերավոր անասունի ոսկորներ, իսկ մնացածների մեջ լցված է եղել ավազ։ Հասկանալի է, որ սրանցից մի մասը դամբարան են դրվել ուտելիքներով և խմելիքներով լցված։ Կավամանները դրված են եղել ննջեցյալների բոլոր կողմերում: Նրանց դասավորման մեջ չկա սիստեմ: Երկրորդ դամբարանում եղած հինգ կավամաններն էլ գտնվում էին կմախքի գլխի կողմում, իսկ 6-րդ դամբարանում գտնված դարձյալ հինգ ամանները դրված էին կմախքի որովայնի մոտ, բայց, դրանց հակառակ, 4-րդ դամբարանում ամանները դասավորված էին կմախքի բոլոր կողմերում:
Ի դեպ մինչև այժմ Հայաստանում բացված գրեթե բոլոր դամբարաններում կավամանների դասավորության մեջ անհնար է եղել որոշակի և տևականորեն կիրառվող մի սիստեմ գտնել: Որոշ հետազոտողներ (Խ. Սամուելյան) կարծում են, որ կավամանները դրվում էին միայն ննջեցյալի գլխի կողմում, սակայն Գոլովինոյից (Դիլիջան ), Սևանի ավազանից, Հրազդանից, Վանաձորից միևնույն ժամանակաշրջանին պատկանող հարյուրավոր դամբարաններ են պեղվել, որոնց մեջ կավամանները դրված են եղել ննջեցյալի բոլոր կողմերում: Դամբարանում ազատ տեղ քիչ լինելու դեպքում, դրանք շարվել են իրար վրա մի քանի շարքերով, եղած ազատ տարածության մեջ նախապես որևէ կողմ հաշվի չառնելով (Գոլովինոյի 2-րդ դամբարան):
Ցամաքարերդում պեղված դամբարաններից յուրաքանչյուրի մեջ, որպես կանոն, դրված են եղել խոշոր եղջերավոր անասունի ձախ կողմի չորսից ութերորդ կողոսկրից 3- 4 հատ և միաժամանակ նույն կենդանու հետին, բայց նույնպես ձախ ոտքի աղդրոսկրը:
Հարց է առաջանում արդյոք՞
հնում ննջեցյալների հետ խոշոր եղջերավոր կենդանու միայն ձախ կողմի ոսկորները թաղելու սովորույթր կապված չէ՞ կենդանու սրտի հետ. քանի որ սիրտը, հետևապես, հին հասկացողությամբ, նաև ոգին, գտնվում է կենդանու ձախ կողմում: Այդ գործողությամբ՝ չե՞ն ցանկացել արդյոք ննջեցյալի հարազատները ցույց տալ, որ իրենք հոգով ու սրտով կապված են տվյալ ննջեցյալի հետ: Բայց մեռնողների հետ թաղվել է նաև ձախ ոտքի աղդրոսկրը, իսկ վերջինս սրտից ավելի հեռու է: Ուրեմն հարցին վերաբերող այս ենթադրությունդ, պետք է համարել պայմանական: Մնում է երկրորդ, ավելի հավանական ենթադրությունը, այն, որ դա կապված է կենցաղային սովորույթի և նյութական հասկացողության հետ: Պետք է ենթադրել, որ միմիայն ձախ կողմի ոսկորներր ննջեցյալի հետ թաղելը կապված է կենդանու մի կողմն ուտելի, իսկ մյուս կողմն անուտելի (հարամ) համարելու հասկացողության հետ: Այս սովորույթը հարատևել է հազարամյակներ, որի վերապրուկները հասել են մեզ։
Կովկասյան ժողովուրդներից շատերի մոտ, այղ թվում նաև հայերի, ուղտի մի կողմն ուտելի, մյուս կողմն անուտելի՝ հարամ է համարվել ճիշտ այնպես, ինչպես արջի միայն մի կողմն է ուտելի, մյուսը չեն ուտում։
Մեզ իրավունք են տալիս կարծելու, որ հայերի մեջ պահպանված վերևում նշված վերապրուկը կապված է Ցամաքաբերդում պեղված դամբարանների ժամանակաշրջանի սովորույթի և կենցաղի հետ: Հետևապես անհնար չէ այլ հաստատուն է հայերի և դամբարաններ ստեղծող ցեղերի միջև էթնիկ կապի գոյությունը: Մի հարց, որ մինչև այժմ գտնվել է հազարամյակների անորոշ մշուշում:
Ցամաքաբերդի պեղված դամբարանադաշտում գտնվել են նաև այլ կենդանիների ոսկորներ, այդ թվում նաև 5-6 ամսական խոզի և մի շան զանգ։
Կենսաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Դալը մեծ բարեխղճությամբ ուսումնասիրելով այն, գրել է «Անդրկովկասյան ավչարկան Սևանի ավազանից աոաջին հազարամյակի սկզբներին (մ. թ. ա.)» վերնագիրը կրող հատուկ ուսումնասիրությունը:
Հեղինակր գտնում է, որ Ցամաքաբերդ գյուղի մոտ, Սևանի լճի ցամաքած տարածության վրա բացված երրորդ դամբարանից գտնված շան գանգն ունի գիտական մեծ ուժեր և հսկայական հետաքրքրություն Այսրկովկասի հնագույն շրջանի ընտանի կենդանիների պատմության համար:
Մանրակրկիտ չափումների, ուշադիր հետազոտության հետևանքով և բազմաթիվ համեմատությունների միջոցով Ս.. Դալը գտնում է, որ երրորդ դամբարանից դուրս եկած շան գանգն աներկմտորեն պատկանել է Canis familiaris abacanensis շների խմբին:
Ըստ Սավենկովի՝ շների այս տեսակր գոյություն է ունեցել արևմտյան Սիբիրում դեռևս Էնեոլիթում: Իր վերևում նշած ձեռագիր աշխատության մեջ Ս. Դալը գտնում է, որ ջրի տակից դուրս եկած շան գանգը հետաքրքիր է ոչ միայն որպես գիտական նշանակություն ունեցող առարկա, որը վերաբերում Է VII դարին Ք.Ա, այլ արժեքավոր է նաև այն տեսակետից, որ այն ավելի մոտ է անդրկովկայան ավչարկային և սերումն է անդրկովկասյան գայլերի:
Այսպիսով, պարզվում է, որ դեռ ևս VII դարում Ք.Ա. Հայաստանում ընտելացված է եղել անդրկովկասյան ավչարկան, որպես բնիկների հավատարիմ օգնական:
Ցամաքաբերդում առավել աչքի ընկնող դամբարաններից մեկը 5-րդ դամբարանն է: Սա ուղղված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, կողքերից յուրաքանչյուրում դրված է եղել երեքական, իսկ ճակատներում մեկական տափակ քար: Գերեգմանը ծածկված է եղել երկու սալաքարով, որից մեկը ջուրը պոկել է և կցել հենց գերեզմանի մոտ, իսկ մյուսը գտնվում էր իր սկզբնական տեղում: Դամբարանը կրապատված էր, շուրք 29սմ հաստ շերտով, իսկ կրային շերտի տակ առաջացել է ավազախառն խճաքարից 23սմ հաստությամբ մի շերտ, որից ցած ավելի քան 18սմ հաստությամբ ամբողջ գերեզմանը լցված է եղել մանր ու ընտիր ավազով, որի մեջ երբեմն երևացել են ոսկորների և կավամանների մանր բեկորներ: Ավազաշերտից ցած կարմրավուն կավահող է եղել: Ոսկորների միջից հավաքվել են նաեւ 7 ապարանջան, որից 4-ը ծարիր, մեկը՝ երկաթ, երկուսը՝ բրոնզ:
Դամբարանում բացվել է մեկ մարդու կմախք՝ ձախ կողքի վրա պառկեցված, ոտքերը ծալած, թևերը կուչ բերած վիճակում:. Այդ կմախքի բազուկներից յուրաքանչյուրի վրա եղել է ծարիրե 2-ական ապարանջան: Կմախքը լրիվ բացելուց հետո պարզվել է նաեւ, որ այն ներկված է եղել բնական կարմիր օխրայով: Գտնվել է տեղում նաեւ օխրայի մի քանի կտոր: Ոսկորները, առանձնապես գանգը (կարճագանգ) պահպանել էին կարմիր ներկի հետքերը, իսկ գանգի տակ, ձախ ականջի տեղում կախված է եղել մեկ հատ րբոնզե՝ ծայրերով զիգզագավոր հերազարդ օղ, որի առավելություններից մեկն այն է, որ իր վրա պահպանել է օխրայով ներկված ինչ որ գործվածքի հետք՝ դաջվածք:
Նույնանման հերազարդ օղերը բավականաչափ տարածված են եղել ողջ Հայկական լեռնաաշխարհում եւ Այսրկովկասի շատ շրջաններում: 1929թ. Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության կոմիտեի հնագիտական արշավախումբը Գոլովինոյի Խրտանոց կոչվող ձորում իր կատարած բավականաչափ հաջող պեղումների ժամանակ հայտնաբերեց զգալի քանակությամբ Ք.Ա. VII-VI դարերի պատկանող առարկաներ, այդ թվում նաև զիգզագավոր օղեր:
1953 թվականի մայիսին Գոլովինոյում կատարված պեղումների ժամանակ 2-րդ դամբարանում նույնպես գտնվեցին հերազարդ զիգզագավոր օղեր, որոնք պատկանում են Ք.Ա. VII —VI դարերին :
Ուշագրավ է,որ նույնանման հերազարդ օղեր գտնված են նաեւ Վանաձորի, Սևանի ավազանի շատ դամբարաններից և այլ հնավայրերից: Հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ հերազարդերի այդ տեսակն ավելի լայնորեն տարածված է եղել Հայկական լեռնաաշխարհում:
Բայց քննության ենթակա դամբարաններում ուշագրավը ոչ միայն զիգզագավոր ծայրերով հերազարդ օղն է, այլ ամենից առաջ այդ առարկայի վրա պահպանված օխրայի հետքերը:
Ինչպես հայտնի է, ննջեցյալներին կարմիր գույնով ներկելը կապված է եղել լույսի գաղափարի, արևի հետ: Կարմիր գույնը ներկայացվել է որպես խորհրդանշական սիմվոլ: Պետք է նշել,որ բրոնզի դարի այս սովորույթը կապված է թաղումների մի շարք առանձնահատկությունների հետ: Հետաքրքիր եւ ուշագրավ է այն,,որ Ռուսաստանի Դաշնության Ստորին Վոլգայի, ստորին Դնեպրի և ստորին Դոնի տափաստաններում հնագիտական պեղումների ժամանակ բրոնզի դարաշրջանին պատկանող շատ կուրգաններում եւս հայտնաբերվել են մեծ թվով մարդկանց ներկված կմախքներ: «Ոսկորների գույնը սովորաբար կարմիր է, երբեմն թունդ եւ խիտ օգտագործվել է բնական կարմիր օխրան ,որը հավանաբար նշանակում է արյուն: Այսպիսի օծումը տարբեր երկրներում բավականաչափ տարածված է եղել»:
Օխրայով ներկված թաղումներ հանդիպել են նաև Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի ԳԼՍ-ի շինարարության ընթացքում հայտնաբերված դարձյալ բրոնզի դարաշրջանին պատկանող կուրգաններում:
«Առանձին դամբարաններում, - գրում է Սինիցինը,- օխրան շաղ էր տված ոչ միայն կմախքի վրա, այլև գերեզմանափոսի հատակին»:
Ժամանակին Ի. Վ. Սինիցինի արշավախմբի պեղած N 5 կուրգանի N 22 գերեզմանափոսի մեջ գտնված կմախքը ևս ամբողջովին ծածկված է եղել օխրայով:
Ինչպես վերևում նշեցինք, օխրայով ներկած թաղումներ հանդիպել են նաև Հայաստանում: 1951 թվականին Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջանի Քաղսի գյուղում, կատարված պեղումների ժամանակ բացվեց էնեոլիթի շրջանին պատկանող մեկ դամբարան, որտեղ նույնպես թաղումը կատարված էր օխրայով ներկած:
Այստեղ գտնվեցին օխրայի մնացորդներ, բայց դժբախտաբար կմախքից աննշան բան էր պահպանված։ Սակայն պարզ նկատվում էր, որ հանգուցյալը ներկված է եղել կարմիր գույնով՝՝ օխրայով: Այս ամենն անվիճելիորեն ցույց են տալիս, որ Ցամաքաբերդի թաղումն եզակի երևույթ չէ:
Ցամաբաբերդի դամբարանների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բացված 14 դամբարաններից և ոչ մեկը չի պատկանում խմբային թաղման սիստեմին:
Սրանցից յուրաքանչյուրի մեջ գտնվել են նաեւ ձախ կողմի պառկած, թևերր և ոտքերր կուչ բերած վիճակում մեկ մարդու կմախք և մեկ փոքր երեխայի դամբարան՝ ղարձյալ մեկ կմախքով:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ջրի տակից դուրս եկած դամբարաններն առաջացրել են մեր նախնի նստակյաց կյանք վարող ցեղախմբերը։
Երկրորդ՝ կողք-կողքի երկու տարբեր սիստեմներին պատկանող դամբարանների (քարարկղային դամբարաններ և կրոմլեխներ) գոյությունը ենթադրել է տալիս, որ միևնույն ցեղախմբի միևնույն սովորույթներին և թաղման կանոններին հետևող մարդիկ չէին ստեղծի երկու տարբեր սիստեմի պատկանող դամբարաններ, հետևապես ավելի հավանականն այն է, որ այստեղ, Սևանի թերակղզու վրա, ապրել են տարբեր կենցաղավարություն և թաղման սովորույթներ ունեցող մարդիկ, որի հետևանքով էլ միևնույն դամբարանադաշտում ստեղծվել են երկու առանձին խմբերի պատկանող դամբարաններ։
Երրորդ՝ Ցամաքաբերդում լճի ջրի տակից դուրս եկած քարարկղային սիստեմի դամբարաններն ամենայն հավանականությամբ պատկանել են Լճաշենի (Օրդակլու) ուրարտական սեպագիր արձանագրության մեջ նշված լճեզրային երկրին: Այդ արձանագրության տեքստում կարդում ենք.
„Величием бога Халди Аргишти говорит: завоевал я страну города Кекуни. До- шел (?) я до города Иштикунив. Страна в сторону озера...
Аргишти, царь могущественный, царь страны Биаинили, правитель Тушпа-города.Նման բովանդակությամբ տեքստ է հայտնաբերվել նաեւ Տուշպա-Վանի քարաժայռի արեւմտյան մասում՝1828թ. արեւելագետ Ֆ. Է. Շուլցի կողմից: Այնտեղ այս մասին նշվում է..
«-Խալդեն արշավեց, սեփական զենքին ? ենթարկեց Եթիունե ( երկիրը ) , ենթարկեց Կեխունե ( քաղաքի ) երկիրը, զգետնեց Արգիշտիի առջեւ: Խալդեն իմ զորեղ ( է) ,Խալդյան զենքն ? իմ զորեղ ( է ) : Խալդյան մեծությամբ արշավեց Արգիշտի Մենուաորդին: Խալդեն առաջնորդում ? էր ( նրան ) : Արգիշտին ասում է.- Գրավեցի Կեխունե ( քաղաքի ) ( ձորա ) փոր ? ( երկիրը) ծովային գավառում ..» : Ցամաքաբերդի դամբարանադաշտն արձանագրության գտնված վայրից ուղիղ գծով 6-7 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և, որ կարևորն է դեպի Դիլիջան տանող ճանապարհի նախավերջին բնակավայրն է այն հանդիսանում (վերջինը Ծովագյուղն է):
Չորրորդ՝ Ցամաքաբերդից մինչև Ծովագյուղ, մի հսկայական տարածք բնակության համար մինչև այժմ էլ մնում է որոշակիորեն անօգտագործելի, այդ իսկ պատճառով Յամաքաբերդր, բացի Լճաշենի (Օրդակլուի) սեպագիր արձանագրության մեջ նշված լճեզրա երկրից, ուրիշ տարածքի մեջ մտնել չէր կարող: Մնում է ընդունել, որ հնում քննության ենթակա քարարկղային սիստեմի դամբարանադաշտ ստեղծող ցեղախմբերը մտել են «լճեզրային» երկրի կազմի մեջ, գուցե թե նաև Կիեխունի քաղաքի, որ մեր գրականության մեջ վաղուց մեկնաբանվել է որպես Գեղարքունի, Գեղարքունիք,այստեղից էլ Գեղամա աշխարհ իսկ այս քաղաքի ավերակները, մեր որոշ հնագետների եւ պատմաբանների կարծիքով, պետք է փնտրել Սևանի թերակղզու վրա և ոչ թե մի այլ վայրում:
Հինգերորդ՝ Յամաքարերդի դամբարաններն առավել հետաքրքիր են դառնում այն պատճառով, որ բացվել են ջրի տակից՝ Սևանի լիճը շուրջ 10 մետր իջնելուց հետո, իսկ սրանցից շատերը ամբողջությամբ կամ մասամբ ծածկված էին այդ ժամանակ ջրով, հետևապես կասկածից վեր է, որ լճի ջուրը, դամբարաններում կատարված թաղումների ժամանակաշրջանում, եղել է շատ ավելի փոքր և Սևանի նախկին կղզին, որպես այդպիսին, հսկայական լայն շերտ ցամաքով կապված է եղել ցամաքին, այսինքն՝ Ցամաքաբերդի պեղած դամբարանադաշտի հետ: Հետևապես Ցամաքաբերդի դամբարանադաշտ ստեղծող ցեղախմբերը, մեր կարծիքով, բնակություն են հաստատած եղել միմիայն կղզու վրա ( ներկայիս թերակղզու վրա):
Վեցերորդ՝ Ցամաքաբերդի դամբարանների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ինչպես դամբարանների կառուցվածքը, այնպես էլ նրանց միջից գտնված իրերը բավականաչափ նման են Գոլովինոյի 2-րդ դամբարանից հանված իրերին ու ժամանակակից են իրար: Հետևապես, ճիշտ չէ՞ր լինի արդյոք Ցամաքաբերդի և Գոլովինոյի 2-րդ դամբարանի մշակույթը դիտել ոչ միայն որպես հարևան ցեղերի փոխադարձ ազդեցությունների հետևանք, այլ առավելապես որպես միևնույն կենցաղով, սովորույթներով ապրած, գուցե նաև արյունակից ցեղերի մշակութային-կենցաղային ընդհանրություն:
Յոթերորդ՝ քննության ենթակա ժամանակաշրջանը հայտնի է նաև որպես ուրարտական արյունալի արշավանքներին Վեդուրի- Էթիունիի ( Ջրային Էթիունի) տեղաբնիկ ցեղերի կողմից ցույց տրվող համառ դիմադրության շրջան: Այստեղից կարելի է հետևցնել, որ տեղաբնիկ ցեղերը, միացյալ դիմադրություն կազմակերպելուց բացի, ընդունակ էին ուղղակի շփման մեջ մտնել միմյանց հետ նաև խաղաղ ժամանակ և այս ճանապարհով ևս ազդել միմյանց վրա: Գոլովինոյի 2-րդ դամբարանի և Ցամաքաբերդի իրերի նմանությունը մասամբ պետք է համարել հետևանք նաև այս կարգի շփումների:
Ութերորդ՝ Ք.Ա. VII—VI դարերը հայտնի են որպես ուրարտական տիրապետության և երկրի ներսում անհանգիստ տեղափոխումների սկզբնական շրջան, միաժամանակ հայտնի է նաև, որ հենց ուրարտական տիրապետության շրջանում սկսվում է հայ ժողովրդի կազմավորման պրոցեսը, թեև դրանից շատ առաջ գոյություն ուներ ինքնիշխան եւ վերակազմնավորվածՀայաստան: Պատմական այս իրադրությունր հաշվի առնելով, անհնար չենք համարում, որ քննության ենթակա Ցամաքաբերդի կրոմլեխները կապված լինեն հայ էթնոսի սկզբնավորման հետ, որն աոանձին ուսումնասիրության նյութ է:
Ներկայումս Ցամաքաբերդի դամբարանադաշտի հնավայրը կատարյալ մոռացության է մատնվել: Այսօր ոչ-ոք չգիտի եւ չի խոսում այս հնավայրի մասին: Անգամ դժբախտաբար ցամաքաբերցիները տեղյակ չեն այս դամբարանադաշտի գոյության մասին: Տարածքը լքված է եւ վեր է ածվել այն ամառային շրջանում խոտհարքի եւ տեղ-տեղ արոտավայրի: Այնուամենայնիվ ամռանը այս դիտարժան գեղատեսիլ վայրը հաճախ միայն մարդաշատ է դառնում իրենց ամառային հանգիստը վայելող մարդկանց շնորհիվ: Ոչ մի վահանակ այստեղ առհասարակ գոյություն չունի,որը գոնե կհուշեր մարդկանց ,որ այստեղ գտնվել է աշխարհի հնագույն -նախնադարյան շրջանի նախաքաղաքակրթություններից մեկը՝,որը արթուն հայացքով կարծես հսկում է ասես հնամենի Սեւանավանքի դարավոր հանգիստը:
Պատմական դամբարանադաշտի վերեւի մասում պահպանվել է երբեմնի Երեւանը Կովկասի փոխարքայությանը կապող հին արքունական ճանապարհը դեպի «Մաշտոցներ » սրբավայր տանող միակ բանուկ ոլորան-արահետով եւ լքված «Մինուտկա » ռեստորանի ավերակներով:
ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԵՐԻՑՅԱՆ:ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ԳԵՒՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՎ