Ցանկանում եմ, որ բանակը խելացի հրամանատարներ ունենա
Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը նախ Շնորհավորում է բոլորին բանակի օրվա կապակցությամբ և մաղթում.
«Այս պահին մի բան եմ միայն ցանկանում, որ յուրաքանչյուր զինվոր տուն վերադառնա, բանակը խելացի հրամանատրներ ունենա ու միշտ հաղթանակներ գրանցենք»:
Ինչի շնորհիվ ստեղծվեց Հայոց բանակը հարցին, Վովա Վարդանովը կարճ պատասխանեց.
«Հայկական բանակը ստեղծվեց, քանի որ անհրաժեշտ էր: Հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք»:
Fnews.am-ի հետ զրույցում Վովա Վարդանովը ասաց, որ բազում հիշողություններ ունի բանակի, պատերազմի հետ կապված: Այս անգամ նա հաղթանակի հետ կապված մի դեպք պատմեց. «92 թվականին հարձակվեցին Քարին տակի վրա , տարբեր տվյալներով մինչև երեք հարյուր հոգի էին, մենք շատ քիչ էինք, շատ ավելի բարդ դիրքում էինք, ավելի ծանր վիճակում, ավելի վատ զինված, բայց ջախջախեցինք ու հետ շպրտեցինք, սրանից լավ հաղթանակ, չէինք էլ կարող պատկերացնել»: Խոսելով սահմանում լարված իրավիճակի մասին Վարդանովը ասաց.«Այստեղ խնդիրը լարված իրավիճակը չէ, այստեղ կարևորը զինվորի հոգին է, չեմ կարծում, որ այսօր մեր հասարակությունը այնպես է դաստիարակում իրենց զավակներին, որ բանակ գնալուց առաջ նրանք հոգեպես պատրատված են լինում, ինքը հոգեպես պատրաստ է դառնում բանակում, այնտեղ նաև տեխնիկապես է պատրաստվում»:
