Ցանկանում եմ, որպեսզի Հայոց բանակը ավելի մարտունակ ու տեխնիկապես հագեցված լինի. Արթուր Բաղդասարյան
Հունվարի 28-ը հայ ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակների փառավոր էջերից է: Այսօր նշում ենք Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Տարեդարձ, որն իր մեջ խորհրդանշում է հազարամյա փափագած հաղթանակ, ազգային ինքնագիտակցության ու պետականության վերածնունդ , ապրելու ու պայքարելու կամք և վճռականություն: Պատմականորեն այնպես է ստացվել , որ հայոց բանակն ավելի շուտ է կազմավորվել, քան անկախ պետականությունը: Այդ օրինաչափությունը պահպանվեց նաև Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանում, երբ մինչև անկախության հռչակումը ազգային բանակի հիմք հանդիսացող զինված ստորաբաժանումները մարտի դաշտում հերոսանում էին հանուն Հայաստանի ու Արցախի ազատության: Այսօր էլ մեր տարածաշրջանում առկա բարդ աշխարհագրական իրողությունների պայմաններում հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ուժեղ, մարտունակ, ժամանակի բոլոր պահանջներին համահունչ Հայոց բանակն է: Ես ցանկանում եմ, որ մեր բանակը լինի ավելի կազմակերպված ու մարտունակ, որպեսզի պետությունը գումար չխնայի վերազինման համար, արդիականացվեն և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցվեն, տեխնիկապես հագեցվեն սահմանային ռազմական ենթակառուցվածքները ,որի արդյունքում նվազագույնի կհասցվեն սահմանին մեր զինվորների այդքան ցավալի կորուստները: 24 տարին մեր զինված ուժերի համար զարգացման, նոր մարտահրավերներին դիմակայելու կարևոր ժամանակահատված է, որը, պետք է փառքով կհաղթահարենք:
Հայոց բանակի ծնունդը՝ յուրաքանչյուր հայի ծնունդն է: Այս նվիրական տոնի՝ բանակի կաազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ այն բոլոր հայորդիներին, ովքեր կանգնած են եղել բանակի կազմավորման ակունքներում, սպայական ու զինվորական անձնակազմին , այն հայ մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում մեն մեր հայրենիքի անդորրը՝ մաղթելով նրանց խաղաղ ծառայություն ու անամպ երկինք և փառք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության նվիրական գործին:
Արթուր Բաղդասարյան
