«Ծանոթ ենք երևանցու խնդիրներին, գիտենք դրանք լուծելու ուղիները».Տարոն Մարգարյան.VIDEO
Երեւանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Օհանյանն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողներին հորդորեց մայիսի 14-ին ձայն տալ՝ «հանուն Երեւանի եւ սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանի»:
«Ընտրությունների գնալիս մենք ոչ մեկի ծրագրերը չենք քննադատել: Բայց հեծանիվ քշելով եւ բարձրախոսով բակերում գոռալով՝ ընտրություն չեն անում եւ քաղաք չեն կառավարում: Ես վստահ եմ, որ դուք համեմատություն անելով թեկնածուների միջեւ, ձեր ձայնը տալու եք հանուն Երեւանի եւ մեր սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանի»,- ասաց նա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք չեն եկել քվե խնդրելու, այլ քննարկում են այս տարիների արածն ու մնացած գործերը. «Մեր ընդդիմախոս ուժերը թվում են մինչև տասը խնդիր, մենք կարող ենք թվել ավելին, քանի որ խորությամբ ծանոթ ենք երևանցու խնդիրներին, գիտենք դրանք լուծելու ուղիները»,-հայտարարեց քաղաքապետը:
Այն հարցին, թե ո՞ւմ է քաղաքապետը համարում իրեն մրցակից, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Այն ուժերը, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին բոլորին էլ համարում ենք մրցակից ոչ մեկին էլ չենք թերագնահատում»:
