Ծառուկյանն ընդունել է Հայաստանի սոցիալիստական կուսակցության անդամներին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներին:
Այս առթիվ ԲՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես, ասվում է.
« Ոչ իշխանական եռյակից ու համաժողովրդական այս շարժումից կուսակցության ակնկալիքն այս պահին մեկն է՝ ամեն ինչ դնել մի կողմ հանուն մեկ միասնական նպատակի, հանուն նոր որակի իշխանության, որի ընտրողը ինքը՝ ժողովուրդը կլինի:
«Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա:Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաեւ արտախորհրդարանական ուժերին», – նշել է Գագիկ Ծառուկյանը:
«Կա եռյակը, բայց խորհրդարանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ, որոնց եւս մեր ժողովրդի համար օրհասական այս պահին տրված է հնարավորություն կարեւոր քայլ անելու: Ի վերջո ցանկանում են, որ ամեն ինչ այսպես մնա խեղճ ու հուսալքված, թե՞ փոփոխությունների սկիզբ են ուզում: Այս հարցում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հստակ դիրքորոշում: Ակտիվ աշխատանքով, ձեր նվիրումով ու ընդհանուր գործին բերած ավանդով դուք կարող եք դառնալ համաժողովրդական այս շարժման կարեւոր մասնիկն ու մասնակիցը»,-իր խոսքում նշել է ԲՀԿ նախագահը ՝ պատրաստ արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր:
«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, մասը կազմել համաժողովրդական մեծ պայքարի, որի նպատակն անցնցում իշխանափոխությունն է», – ամփոփել են հանդիպման մասնակիցները:
