Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը կարող է դառնալ «Չալոյի ժողով», եթե հստակություն չմտցվի
1in.am-ը գրում է.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին հունվարի 20-ին խորհրդաժողովի է հրավիրում: Ինչպես հայտարարել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, քննարկվելու են տնտեսական և քաղաքական հարցեր:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անհասկանալի է խորհրդաժողովի թե՛ հայտարարված «օրակարգը», թե՛ առհասարակ այն հրավիրելու իմաստը։
«Մի քանի անհասկանալի բան կա, որովհետև ինչպես նշում է Գ․ Ծառուկյանի մամլո խոսնակը՝ դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությունն է: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդը հրավիրում է խորհրդաժողով, և պարզվում է՝ ԲՀԿ-ն դրա հետ կապ չունի. սա փոքր-ինչ անհասկանալի է՝ իբրև թե դա ոչ թե կուսակցության, այլ անհատի նախաձեռնություն է: Բայց այս դեպքում չեն հաջողելու, որովհետև կուսակցությունը առանց Ծառուկյանի գոյություն ունենալ չի կարող, հետևաբար պետք չէ տարանջատել»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքերով՝ արարողակարգային տեսանկյունից անհասկանալի է նաև այդ խորհրդաժողովը հրավիրելու «թեման»․ «Ասում են՝ քննարկելու ենք քաղաքական և տնտեսական հարցեր. անորոշ է: Վերջին 25 տարում Հայաստանում առնվազն 10․000 խորհրդաժողովներ են եղել՝ քաղաքական, տնտեսական, միջազգային, հանրապետական նշանակության: Երբ խորհրդաժողով ես հրավիրում, հստակ օրակարգ ես առաջ քաշում: Ի՞նչ է նշանակում քաղաքական և տնտեսական մտահոգություններ առաջացնող հարցեր… Օրինակ՝ եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է գյուղի ջրի մատակարարման հարցը, հիմա դա քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Շատ ընդհանուր օրակարգ է, որ արդյունավետություն չի կարող ապահովել»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
